Տրանսպորտային հաճախակի պատահարները Գյումրիի ամենաբանուկ Սայաթ-Նովա փողոցում ստիպել էին տեղի Դրամատիկական թատրոնի ու հարակից խանութների աշխատակիցներին այսօր բողոքի ակցիայի դուրս գալ:
«Այս անցումի վրա ամեն օր վթար, վրաերթ... կամ լուսացույց դրվի կնոպկայով», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մյուսն էլ հավելեց. «Ավելի շատ ինչ-որ կարգավորում, կամ վերանցումի նախագիծ, արգելակող, կամ լուսացույց, հարցի լուծում»:
Այս շաբաթ միայն երկու վրաերթ է եղել Սայաթ-Նովա փողոցի հետիոտնային անցման հատվածում: Որքան էլ տարօրինակ թվա, բայց մարդկանց անվտանգության համար նախատեսված անցումն իրականում ավելի վտանգավոր է, պնդեց ակցիայի նախաձեռնողներից Արամ Գրիգորյանը:
«Մենք «մահվան զեբրա» ենք դրել սրա անունը», - ասաց նա:
Երեկ երկու մանկահասակ երեխաներ են այստեղ վրաերթի ենթարկվել: Նրանք, բարեբախտաբար, թեթև մարմնական վնասվածքներ էին ստացել: Մեքենայի ղեկին ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրն է եղել: Ակցիայի նախաձեռնողները վստահեցնում էին՝ ոչ թե վարորդի ով լինելու համար էին ճանապարհը փակել, այլ որ խնդրին հրատապ լուծում տրվի:
Գյումրիի այսօրվա ակցիային միացած դրամատիկական թատրոնի աշխատակիցները փաստեցին՝ հատկապես ներկայացումների օրերին շատ վտանգավոր է դառնում հանդիսատեսի համար թատրոն հասնելը: Պատահական անցորդներից մեկն էլ մոտեցավ ու պատմեց այդ նույն հատվածում իր հետ տեղի ունեցածը ու լուծում պահանջեց:
Ճանապարհը մոտ 10 րոպե փակ մնաց: Տարածք այցելած ոստիկանները լուծում առաջարկեցին. «Կմիջնորդենք՝ հետիոտնային անցման համար նախատեսված լուսացույց կտեղադրվի»:
Դիմումն այսօր արդեն քաղաքապետարան կուղարկեն, որտեղից էլ՝ համայնքային ոստիկանություն: Բայց նախկին անպատասխան բողոքներն աչքի առաջ ունենալով՝ մտավախություն ունեին, որ այս անգամ էլ հարցը չի լուծվի:
Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների տխուր վիճակագրություն ունի: Պաշտոնական թվերով՝ անցած տարի գրանցվել է 4 հազար 314 վթար, զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 6 հազարը:
2023-ին 379 զոհ է եղել: Ըստ այս վիճակագրության՝ գրեթե ամեն օր Հայաստանում մեկ մարդ է զոհվում վթարից: Չնայած այս հանգամանքին՝ կառավարությունը խնդիրը լուծելու հաստատված ռազմավարություն դեռ չունի: