Ապրիլի 21-ին 88 տարեկանում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Վատիկանի Կասա Մարտայի իր նստավայրում:
Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ էր արել Հայաստանին ու Ադրբեջանին։ Անցած նոյեմբերին էլ Վատիկանում գտնվող վարչապետ Փաշինյանն էր հանդիպել նրա հետ և շնորհակալություն հայտնել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
2016 թվականին Հռոմի Ֆրացիսկոս պապն այցելել էր Հայաստան: Հռոմի պապը խաղաղություն, բարօրություն ու սեր էր քարոզում իր եռօրյա ուխտագնացության ժամանակ՝ աղոթում Աստծուն ողջ մարդկության համար:
Նա ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում:
Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապն առաջին ամերիկացին էր, առաջին ճիզվիտը և առաջին հովվապետը, որը ծնվել է Եվրոպայից դուրս ավելի քան մեկ հազարամյակի ընթացքում:
Խորխե Մարիո Բերգոլիոն ծնվել է իտալացի ներգաղթյալների ընտանիքում, սկզբում աշխատել է որպես քիմիական տեխնիկ:
1969 թվականին ձեռնադրվել է քահանա և 1973-1979 թվականներին ղեկավարել Արգենտինայի ճիզվիտների միաբանությունը։ 1998-ին նշանակվել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս։ Երեք տարի անց Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը նրան կարդինալի աստիճան շնորհեց։
2013-ին՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո, ընտրվելով Հռոմի պապ՝ նա վերցրեց Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզացիի, որն արտացոլում է խոնարհության և աղքատներին օգնելու նրա նվիրվածությունը:
Նրա՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդած ժամանակահատվածը նշանավորվեց բարեգործության, սոցիալական արդարության և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ հատուկ ուշադրությամբ:
2015-ին Ֆրանցիսկոս պապը հրատարակեց "Laudato si" հանրագիտարանը, որում նա կոչ է անում գլոբալ գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարելու և շրջակա միջավայրի մասին հոգ տանելու համար:
Նա նաև կարևորել է միջկրոնական երկխոսությունը, մասնավորապես՝ 2019 թվականին ստորագրելով «Մարդկային եղբայրության մասին» փաստաթուղթը Եգիպտոսի Ալ-Ազհարի Մեծ իմամ Ահմեդ էլ-Թայեբի հետ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ջանքեր է գործադրել Վատիկանի ֆինանսական համակարգը բարեփոխելու և եկեղեցում հոգևորականների կողմից ենթադրյալ սեռական ոտնձգությունների դեմ պայքարելու համար։
2025 թվականին նա հրատարակեց իր ինքնակենսագրությունը՝ «Հույս», որտեղ գրում է իր կյանքի և հոգևոր առաքելության մասին։
Կյանքի վերջին տարիներին Ֆրանցիսկոս պապը մի շարք առողջական խնդիրների է բախվել։ 2021 թվականին նա ենթարկվել է հաստ աղիքի, իսկ 2023-ին՝ որովայնի վիրահատությունների։ Նա նաև ծնկի և մեջքի քրոնիկ ցավեր ուներ, ինչի պատճառով հաճախ էր տեղաշարժվում անվասայլակով։
Չնայած այս խնդիրներին, Պապը հավատարիմ էր մնում խիստ ժամանակացույցին՝ շարունակելով կատարել իր հովվական պարտականությունները, իրականացնում միջազգային այցերը:
2025 -ի փետրվարին 14-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվեց շնչառական ուղիների պոլիմիկրոբային վարակով, որը վերաճեց երկկողմանի թոքաբորբի։ Նրա վիճակը շարունակում էր ծանր լինել՝ պահանջելով մնալ հիվանդանոցում։