Ռուս դիվանագետներից մեկը, որը անաղմուկ ետ էր կանչվել Բելգիայից, երբ տեղի իշխանությունները կասկածել էին նրան լրտեսության մեջ, հիմա առաջադրվել է Եվրոպայի անվտանգության ամենամեծ կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի Բելգրադի առաքելության ղեկավարի պաշտոնում, պարզվել է «Ազատություն» ռադիոկայանի և եվրոպական մի շարք լրատվամիջոցների համատեղ հետաքննության արդյունքում։ Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատան նրա գործընկերներից շատերին, սակայն, բախտն ավելի քիչ է ժպտացել․ լրտեսական գործունեության պատճառով նրանք դասվել են «անցանկալի անձանց» ցուցակում։
Ռուսաստանը ԵԱՀԿ-ում Բոսնիա-Հերցեգովինայի առաքելության ղեկավարի տեղակալ, Բալկաններում դիվանագիտական մեծ փորձ ունեցող Դմիտրի Իորդանիդիի թեկնածությունն է առաջադրել որպես Սերբիայում այդ կազմակերպության առաքելության ղեկավար, վկայում են ԵԱՀԿ-ի ներքին փաստաթղթերը, որոնք հայտնվել են «Ազատության» տրամադրության տակ։
Նրա թեկնածությունն առաջադրվել է Միացյալ Նահանգների ու եվրոպական կառավարությունների կողմից հնչող մեղադրանքների ֆոնին, թե Ռուսաստանը «վնասարար» գործունեությամբ է զբաղված 57 երկրների միավորող կառույցի եվրոպական հատվածում։
55-ամյա Իորդանիդին մեկն է այն 20 ռուս դիվանագետներից, որ անաղմուկ հեռացել են Բրյուսելից 2023-ին՝ Բելգիայի պետական անվտանգության ծառայության կողմից լրտեսության մեղադրանքների պատճառով։ «Ազատության», EUobserver-ի, բելգիական De Morgen-ի, Humo -ի ու Le Monde-ի համատեղ հետաքննությունը փաստում է, որ նրա անունը եղել է բելգիական հետախուզության կազմած՝ արտաքսման ենթակա դիվանագետների ցանկում։ Մի քանի հետախուզական գործակալությունների ներկայացուցիչներ հաստատել են, որ այդ ցուցակի 20 ենթադրյալ լրտեսները, որոնց անունները մինչ այդ չեն հրապարակվել, իսկապես ստիպված են եղել հեռանալ Բելգիայից։ Նրանցից մեկը դա բնորոշել է որպես համակարգը «վերից վար» մաքրելու գործողություն, որ սկսվել է 2022-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։
Բելգիայի վերջնագիրը
Իորդանիդին, որը Բելգիայի հետախուզության կազմած ցանկում ներկայացվում է որպես Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության հետ կապ ունեցող մարդ, միակ դիվանագետն է 20-ից, ով չի հայտարարվել անցանկալի անձ՝ լրտեսներից ազատվելու գործընթացի ժամանակ։ Ռուսաստանը հետ է կանչել Իորդանիդիին, երբ Բելգիան հասկացրել է, որ հակառակ դեպքում դիվանագետին «պերսոնա նոն գրատա» կհայտարարի և կարտաքսի, «Ազատության»-ն ասել է հետախուզության աղբյուրը։ Այս կարգավիճակը «սև բիծ» է ցանկացած դիվանագետի համար և լուրջ խոչընդոտներ է ստեղծում նրա հետագա կարիերայի համար։
Այժմ Մոսկվան Իորդանիդիին փորձում է վերադարձնել ԵԱՀԿ, որը մինչև Ռուսաստանի ներխուժումը կարևոր դեր էր խաղում Ուկրաինայում ռուսական ագրեսիայի մոնիտորինգի և Մոսկվայի ու Կիևի միջև միջնորդական ջանքերի գործում։
«Ազատություն» ռադիոկայանի ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ Դմիտրի Իորդանիդին ներկայումս ընդգրկված է Սերբիայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի ութ թեկնածուների ցանկում։
Ռուսաստանն Իորդանիդիի թեկնածությունն առաջադրել է նաև Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ԵԱՀԿ ծրագրերից մեկի ղեկավարի պաշտոնում, ինչպես նաև Ղազախստանի մայրաքաղաքում՝ նույն կազմակերպության գրասենյակում։
Ընդ որում, բոլոր երեք դեպքերում Մոսկվան Իորդանիդիից բացի ևս մեկ թեկնածու է առաջադրել, X-ում գրել է Եվրոպայում ռուսական ազդեցության գծով փորձագետ, Վիեննայում գործող «Ժողովրդավարական սկզբունքների կենտրոնի» ղեկավար Անտոն Շեխովցովը, մանրամասնելով՝ «որպես կանոն պետությունը մեկ թեկնածու է առաջադրում, եթե այնքան էլ հետաքրքրված չէ տվյալ երկրով։ Եթե մի քանի թեկնածու կա, դա վկայում է այդ երկրի հանդեպ առավել մեծ հետաքրքրության մասին»։
ԵԱՀԿ-ն էլեկտրոնային փոստով ուղարկված պատասխանում նշել է, որ այս բոլոր երեք պաշտոնների համար մրցույթը դեռ շարունակվում է, և որ այդ թեման, գաղտնիությունից ելնելով, չեն կարող մեկնաբանել։
Այս պաշտոններում թեկնածուները նշանակվում են ԵԱՀԿ գործող նախագահի՝ ներկայումս Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի կողմից, ով խորհրդակցում է կազմակերպության ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և ընդունող երկրների հետ, ասել է ԵԱՀԿ խոսնակ Ալեքսանդրա Թեյլորը։
ԵԱՀԿ-ից դեռ չեն հայտնում, թե երբ հայտնի կդառնան մրցույթի արդյունքները
Արևմտյան պաշտոնյաներն ու կառավարությունները մեկ անգամ չէ, որ մեղադրել են Մոսկվային՝ սադրանքների ու կազմակերպության կոնսենսուսային քաղաքականությունը չարաշահելու մեջ: Ռուսաստանի դիմակայության պատճառով Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելությունը 2022-ի ներխուժումից հետո փակվեց։
2024-ի ամռանը ԵԱՀԿ -ի խորհրդարանական վեհաժողովը, որը նպաստում է անդամ երկրների միջև երկխոսությանը, կոչ արեց կառույցի ղեկավարությանը՝ «նախաձեռնել քննարկումներ և անվտանգության ստուգումներ՝ կազմակերպությունը ռուսական ապակառուցողական ազդեցությունից ազատելու համար»:
Ո՛չ Իորդանիդին, ո՛չ Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատունը, ո՛չ Բելգիայի պետական անվտանգության ծառայությունը չեն արձագանքել այս թեմայով «Ազատության» հարցումներին։
«Դիվանագիտություն» հեծանիվի անիվների վրա
Բելգիական հետախուզության կողմից կազմված մյուս՝19 ռուս դիվանագետների՝ ենթադրյալ լրտեսների ցանկում Իորդանիդիից բացի եղել է Ալեքսանդր Կովալչուկը, ով պաշտոնապես զբաղեցրել է Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատան խորհրդականի պաշտոնը։ Համացանց արտահոսած տեղեկագրերի համաձայն, նա գրանցված է՝ Մոսկվա, Նարոդնոգո Օպոլչենիյա փողոց, 50 հասցեում․ այստեղ է գրանցված նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիան, որը լայնորեն հայտնի է որպես «GRU կոնսերվատորիա»։
Ենթադրյալ լրտեսների ցանկում է նաև Սերգեյ Չերեպանովը, ով զբաղեցնում էր Բրյուսելում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի պաշտոնը։ Համաձայն Ռուսաստանի կառավարության հրապարակած տվյալների՝ նա նախկինում աշխատել է Մոսկվայի Ռազմավարական հրթիռային ուժերի ակադեմիայում և կապված է եղել 46179 ռազմական ստորաբաժանման հետ:
Սա GRU-ի Հատուկ վերահսկողական ծառայությունն է, որը մասնագիտացած է արբանյակների միջոցով սեյսմիկ և ինֆրաձայնային մոնիտորինգի մեջ և պատասխանատու է միջուկային անվտանգության համար:
Արտաքսված դիվանագետներից է նաև Դմիտրի Զամոգիլնիխը, որն աշխատել է Բելգիայում Ռուսաստանի դեսպանատան տեխնիկական անձնակազմում։ Նա, ըստ բելգիացի հետախույզների, կապված է GRU-ի մեկ այլ՝ 92154 ռազմական ստորաբաժանման հետ։
Ընդ որում, Բելգիայից արտաքսված ռուս դիվանագետներից մի քանիսը այդ երկրում բնակության հետքեր են թողել՝ սպորտով զբաղվելու համար նախատեսված Strava ծրագրում։ Սերգեյ Գուդիլինը, օրինակ, որ եղել է դեսպանատան «տեխնիկական աշխատակիցներից» այդ հավելվածում պարբերաբար հրապարակել է իր մարզումների տվյալները։ Մասնավորապես, Բրյուսելի մերձակայքում հեծանվային իր զբոսանքների ժամանակ նա լուսանկարել է «Բերտեմ» ռադիոլոկացիոն կայանը, որը կենսական նշանակություն ունի Բելգիայի ազգային անվտանգության համար։
Ընդ որում, Գուդիլինն այդ հավելվածում մի քանի անգամ «հավանել» է մեկ այլ գործընկերոջ՝ Բելգիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից Մաքսիմ Ցարկովի մարզումները, ով ևս եղել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակից։ Նա, ըստ հավելվածի, Բրյուսելում վերջին անգամ հեծանիվ է քշել արտաքսումից առաջ՝ 2023-ի սեպտեմբերին, իսկ արդեն դեկտեմբերին չմուշկների վրա կանգնել Մոսկվայում։
«Ազատությունը» պարզել է նաև, որ Բելգիայում Ռուսաստանի դեսպանատնից արտաքսված դիվանագետներից մի քանիսն արդեն նոր աշխատանք են գտել դիվանագիտական այլ առաքելություններում։ Անդրեյ Կուզնեցովն, օրինակ, որ մինչ այդ Բրյուսելում առևտրի հարցերով Ռուսաստանի ներկայացուցիչն էր, հիմա զբաղեցնում է նույն պաշտոնը Մալազիայի դեսպանատանը, իսկ գործերի հավատարմատար Ալեքսանդր Վիսկրեբենցևը հիմա նույն գործն է անում Թայլանդում Ռուսաստանի դեսպանատանը։
Աճող վտանգներ
20 ենթադրյալ ռուս լրտեսները, որոնց ցանկն ուսումնասիրել է «Ազատություն» ռադիոկայանը, Բելգիան լքել են 2023-ին։ Նրանցից բացի երկրից վտարվել էին նաև Բրյուսելում՝ ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում տեղակայված ռուսական պատվիրակությունների 48 անդամներ։ Վտարված դիվանագետներից մեկը՝ Դենիս Պավլովը, ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունից տեղափոխվել է աշխատանքի Աֆրիկա, որտեղ որպեսզի Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ուժային կառույցների հետ Եվգենի Պրիգոժինի մահվանից հետո։
«Բելգիան ուզում է նորմալ դիվանագիտական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, բայց չի կարող թույլ տալ, որ այդ կապերն օգտագործվեն լրտեսության նպատակով»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ասել է այդ երկրի արտգործնախարարության խոսնակ Պիեր Ստևերլինկը։
2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ՆԱՏՕ-ի երկրները ընդհանուր առմամբ շուրջ 700 ռուս դիվանագետների են արտաքսել, այդ թվում՝ ենթադրյալ լրտեսների։ Սակայն արևմտյան փորձագետները զգուշացնում են, որ Մոսկվայի կողմից վտանգները շարունակում են աճել։
«Մենք նկատում ենք, որ ռուսական հատուկ ծառայությունների կողմից քայքայիչ գործունեություն իրականացնելու փորձերը մեր երկրներում որոշակիորեն նվազել էին, սակայն, այժմ այդ կարողությունները վերականգնվում են»,- Euobserver-ին ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։
Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ հիմա արդեն Ռուսաստանն ուշադրությունը կենտրոնացնում է լրտեսներին համացանցով հավաքագրելու վրա, առավել հաճախ ներգրավելով հանցավոր խմբերի ու այդ ամենից բոլորովին անտեղյակ մարդկանց։
«Այդ կերպ հավաքագրվածները հաճախ չեն էլ գիտակցում՝ ում համար են աշխատում»,- ասել է Ափաթուրայը՝ հավելելով․ - «Նրանք հրդեհներ են սադրում, գնացքներ շարքից հանում, հարձակվում քաղաքական գորիչների անշարժ գույքի վրա՝ չիմանալով, որ այդ ամենի հետևում կանգնած է ռուսական հետախուզությունը»։
Գերմանական Der Spiegel-ն անցած ամիս հաղորդել է՝ գերմանացի քննիչների տվյալներով ավտոմեքենաների դեմ այդ երկրում կատարված հարձակումների ալիքը ֆինանսավորվել է ռուս պատվիրատուների կողմից և իրականացվել բնապահպանական ակտիվիզմի շղարշի տակ։
Գերմանական Ուլմ քաղաքի դատախազությունն էլ հաղորդել է, թե ձերբակալել է չորս անձանց, որոնք առնչություն են ունեցել վանդալիզմի 100 ավելի քան դեպքերի։ Ձերբակալվածների շարքում են Ռումինիայի, Սերբիայի, Բոսնիայի բնակիչներ։
Հունվարին էլ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էր մեղադրել Ռուսաստանին ահաբեկչությունների կազմակերպման մեջ, երբ Լիտվայի և Մեծ Բրիտանիայի պահեստներում առանց տեսանելի պատճառների այրվել էին DHL ընկերության միջոցով ուղրակված ծանրոցները։
«Ես մանրամասների մեջ չեմ մտնի, սակայն ուզում եմ հաստատել , որ հիմնավոր են մտավախությունները, ըստ որոնց Ռուսաստաննն է ծրագրել օդային ահաբեկչության այդ դեպքերը ոչ միայն Լեգաստանի, այլև այլ ավիաընկերությունների դեմ՝աշխարհով մեկ»,-հայտարարել է Տուսկը։
Մոսկվան բազմիցս է հերքել արևմուտքից հնչող մեղադրանքները, թե մեղսակից է ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝հրդեհման, թունավորման ու արևմուտքում իր համար ոչ ցանկալի մարդկանց վրա հարձակման դեպքերին։