Լոս Անջելեսում արդեն հինգերորդ օրն է՝ չեն դադարում ցույցերը, որոնք սկսվեցին, երբ Միգրացիոն ծառայությունն սկսեց ապօրինի ներգաղթյալների դեմ ռեյդեր իրականացնել, որպեսզի նրանց վտարի երկրից: Ցույցեր են նաև ԱՄՆ այլ քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում, որտեղ ևս բերման ենթարկվածներ կան: Ցույցեր են նաև Տեքսասում, որի հանրապետական նահանգապետն ասել է, որ Ազգային գվարդիայի զինվորներ կտեղակայի տարբեր վայրերում՝ կարգուկանոն պահպանելու համար:
Լոս Անջելեսում երեկվանից պարետային ժամ է սահմանվել՝ երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 6-ը, դրանից հետո ցույցերը հատվածաբար շարունակվել են, ոստիկանությունը զանգվածաբար ձերբակալել է այն խախտողներին:
Լոս Անջելեսի քաղաքապետն ասել է, որ ստիպված էին պարետային ժամ սահմանել, որպեսզի դադարեցնեն թալանը: Քերըն Բասն ընդգծել է, որ քաղաքում ամեն ինչ հանգիստ էր, քանի դեռ Միգրացիոն ծառայությունը չէր սկսել իր գործողությունները: Նա կրկին քննադատել է նախագահ Թրամփին՝ կոչ անելով դադարեցնել ռեյդերը. - «Ուզում եմ նրան ասել, որ դադարեցնի այս ռեյդերը: Ուզում եմ նրան ասել, որ սա ներգաղթյալների քաղաք է ... եթե ուզում եք ավերել Լոս Անջելեսի տնտեսությունը, ապա հարձակվեք ներգաղթյալ բնակչության վրա»։
Լոս Անջելեսում բնակվող մեր գործընկերը պատմեց, որ պարետային ժամը վերաբերում է միայն կենտրոնի որոշ հատվածների, որոնք հայաշատ չեն: Նաիրա Նալբանդյանը մեկ դեպք գիտի, որ հայ ներգաղթյալին պատկանող զարդերի խանութ է թալանվել: Ըստ նրա՝ Միգրացիոն ծառայության վերջին գործողությունները վկայում են, որ վարչակազմը պատրաստ չէ զիջումների ներգաղթյալների հարցում: Դա անորոշություններ ու մտահոգություններ է առաջացնում այն հայերի շրջանում, որոնք ապօրինի են մուտք գործել երկիր և դեռ փաստաթղթային չլուծված հարցեր ունեն:
«Ե՛վ նրանք են անորոշության մեջ, և՛ անգամ նրանք, ովքեր որ արդեն անօրինական մուտք գործելուց հետո դատական գործընթացներով, ապաստան պահանջելով՝ իրենց փաստաթղթային կարգավորումները ստացել են, Green Card արդեն ունեն, բայց մտահոգություն ունեն, որ այդ նոր փաստաթղթերով, օրինակ, եթե հիմա գնան Հայաստան, կարող են վերադարձի ժամանակ որոշակի խնդիրներ ունենալ», - ասաց Նաիրա Նալբանդյանը:
Ցույցերին զուգահեռ, է՛լ ավելի են սրվում տեղական և դաշնային իշխանությունների միջև հակասությունները: Կալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետը տեսաուղերձով դիմել է ամերիկացիներին՝ ասելով, որ իրավապահներն իսկական հանցագործների փոխարեն երկրից արտաքսում են աշխատասեր ներգաղթյալներին:
Գևին Նյուսոմը նշել է, որ նախագահը, առանց նահանգի իրավապահների հետ խորհրդակցելու, առանց որևէ պատճառի և ապօրինաբար Ազգային գվարդիա ուղարկեց ցույցերը ցրելու համար: Մինչդեռ, ըստ նրա, նախագահի կողմից «իշխանության այսպիսի անամոթ չարաշահումը» բորբոքեց առանց այդ էլ պայթյունավտանգ վիճակը: Նա ասել է, թե իշխանությունները մտադիր են Ազգային գվարդիան օգտագործել նաև ներգաղթյալների դեմ գործողություններում: Նահանգապետը շեշտել է՝ վարչակազմի գործողությունները չեն սահմանափակվի միայն այս նահանգով:
«Գուցե Կալիֆորնիան առաջինն է, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ այստեղ չի ավարտվի։ Հաջորդը մյուս նահանգներն են։ Հաջորդը ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարությունը մեր աչքի առաջ հարձակման է ենթարկվում։ Եկել է այն պահը, որից վախենում էինք», - հայտարարել է Նյուսոմը:
Նահանգապետը, որը վարչակազմի դեմ հայց էր ներկայացրել դատարան, հիմա էլ արտահերթ միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով արգելափակել ռազմական ներկայության ընդլայնումը։ Միջնորդությունը մերժվել է, դատարանը նիստ է նշանակել հինգշաբթի օրը:
ԱՄՆ նախագահն, իր հերթին, Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ ռազմաբազայում կրկնել է պնդումը, որ եթե Ազգային գվարդիան չտեղակայեին, ապա Լոս Անջելեսը չէր լինի: Դոնալդ Թրամփն ասել է, թե ամեն ինչ կանեն, որպեսզի «ազատագրեն» քաղաքը և այն կրկին ազատ, մաքուր և անվտանգ դարձնեն:
«Եթե մենք զորք չտեղակայեինք, Լոս Անջելեսը չէր լինի, այն այսօր կրակների մեջ կլիներ … Որպես գերագույն հրամանատար՝ թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա։ Դա երբեք տեղի չի ունենա», - հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ասել է, որ դաշնային ուժերը տեղում կլինեն այնքան ժամանակ, մինչև իրավիճակը կարգավորվի: Լոս Անջելեսի իրադարձությունների համար Թրամփը քննադատել է նաև նախորդ վարչակազմին՝ ասելով, որ դրան է հանգեցրել նրանց վարած ներգաղթային քաղաքականությունը:
Լոս Անջելեսի բնակիչ Ջենիֆեր Լուն ասում է, որ Ամերիկան այսպիսի բարգավաճ երկիր է դարձել նաև ներգաղթյալների շնորհիվ, իսկ այսօրվա վարչակազմը շատ վատ է վերաբերվում նրանց:
«Եվ այն, թե ինչպես են ձերբակալում և բաժանում մեր ընտանիքներին ու մասնատում մեր համայնքները, ցույց է տալիս, թե որքան անտեղյակ են մեր պատմությանն ու որքան չեն հասկանում տնտեսական հիմնարար բաները», - նշում է Լոս Անջելեսի բնակչուհին:
Քերըն Մարկեսն ասում էլ ասում է, որ իրավապահները խախտում են ներգաղթյալների հիմնարար իրավունքները, ձերբակալում են աշխատողներին, ընդ որում՝ որտեղ պատահի. - «Դա տխուր է և սրտաճմլիկ։ Մենք այստեղ մեզ անվտանգ չենք զգում։ Մենք պաշտպանում ենք այն երեխաներին, ովքեր չեն կարողանում պաշտպանել իրենք իրենց, իրենց ծնողներին»։
Լոս Անջելեսում և ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում այսօր ևս ցույցեր են նախատեսված: