Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում և այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը


Լոս Անջելեսում վեցերորդ օրն է՝ չեն դադարում ապօրինի ներգաղթյալներին երկրից վտարելու՝ միգրացիոն ծառայության գործողությունների դեմ ցույցերը, որոնք ուղեկցվում են ձերբակալություններով: Ցուցարարները բողոքում են նաև քաղաքում Ազգային գվարդիա տեղակայելու՝ դաշնային իշխանությունների որոշման դեմ:

Լոս Անջելեսում երկրորդ օրն է՝ նաև պարետային ժամ է սահմանված: Սպասվում է, որ առաջիկա 48 ժամում կտեղակայվի նաև ծովային հետևակի 700 զինվոր:

Քաղաքապետը զգուշացրել է, որ եթե միգրացիոն ծառայությունը շարունակի ներգաղթյալների դեմ ռեյդերը, Ազգային գվարդիան էլ մնա փողոցներում, ապա պարետային ժամը ևս կշարունակվի, ընդ որում այնքան, որքան անհրաժեշտ է: Քերըն Բասը բնակիչներին կրկին զգուշացրել է կարգուկանոն պահպանել, հավելել, որ ցանկանում է անձամբ խոսել նախագահի հետ, որպեսզի վերջինս հասկանա իրավիճակի լրջությունը: Քաղաքապետը Սպիտակ տանն է մեղադրել՝ իրավիճակը սրելու համար՝ ասելով, թե իրեն հայտնի չէ նպատակը:

«Գուցե մենք պետական ինչ-որ փորձի մաս ենք՝ որոշելու, թե որքան հեռու կարող է գնալ դաշնային կառավարությունը՝ միջամտելով և խլելով իշխանությունը նահանգապետից, տեղական իշխանությունից և վախի մեջ պահելով մեր քաղաքը, մեր քաղաքացիներին», - ասել է Քերըն Բասը։

Ցույցեր են նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Սիեթլում, Չիկագոյում, կան բերման ենթարկվածներ: Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել, երբ ցուցարարները փողոցներ են փակել, կա 30-ից ավելի ձերբակալված: Քաղաքապետն ասել է, որ ցուցարարները մի քանի անգամ չեն ենթարկվել ակցիաները դադարեցնելու՝ իրավապահների պահանջին:

«Գիտեմ, որ մեր ներգաղթյալների և փախստականների համայնքում հսկայական վախեր կան։ Իմ սիրտն այն ընտանիքների հետ է, որոնց բաժանել են, որոնք վախեր ունեն առ այն, թե ինչ է իրենց սպասվում աշխատավայրում կամ եթե շարունակեն ապրել Սփոքեյնում», - նշել է քաղաքապետ Լիզա Բրաունը:

Չնայած տեղական իշխանությունները պնդում են, որ Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի տեղակայումն անօրինական է, պաշտպանության նախարարը կրկին ասել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է: Փիթ Հեգսեթը նշել է, որ Ազգային գվարդիան օգնում է՝ պաշտպանելու իրավապահ մարմիններին պատկանող օբյեկտները։

«Լոս Անջելեսում Ազգային գվարդիային և ծովային հետևակին տրամադրված յուրաքանչյուր թույլտվություն ԱՄՆ նախագահի լիազորությունների ներքո է, օրինական է և սահմանադրական», - ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Նախագահն իր հերթին Քենեդի կենտրոնում ասել է, թե Լոս Անջելեսում ստեղծվել է իրավիճակ, որն անգործության հետևանք է: Դոնալդ Թրամփը պնդել է, թե իրենց միջամտության շնորհիվ կարողացել են մարդկային կյանքեր փրկել և հսկայական ավերածություններ կանխել:

«Ոստիկանությունը մեզ խնդրում էր գալ։ Նրանք շատ ուշ դիմեցին։ Ստիպված էինք գալ՝ փրկելու Միգրացիոն և մաքսային ծառայության շատ աշխատակիցների, որոնք, ինչպես գիտեք, թաքնվել էին մի շենքում և հարձակման էին ենթարկվում», - ասել է Թրամփը։

Լոս Անջելեսի ոստիկանապետ Ջիմ ՄաքԴոնելնը CNN-ի հետ զրույցում հակադարձել է նախագահին՝ ասելով, որ իրենք չէին կարող անմիջապես խնդրել, որ Ազգային գվարդիա տեղակայվի, դրա համար կան որոշ ընթացակարգեր, որոնցից հետո միայն կարող են դա անել:

«Մենք այդ փուլում չենք դեռ, երբ կարող ենք դիմել նահանգապետին՝ Ազգային գվարդիայի հարցով։ Եվ ես հույս ունեմ, որ հիմա ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում, և ստիպված չենք լինի դա անել և չենք անի», - նշել է Լոս Անջելեսի ոստիկանապետը:

Ներգաղթյալներից շատերը նույնիսկ չգիտեն, թե ուր է իրենց հարազատներին տարել միգրացիոն ծառայությունը: Լոս Անջելեսի բնակիչ Քիմբերլի Հերնանդեսը, ում հայրն աշխատում է ավտոլվացման կետում, ասում է, որ հայրը այսօր պետք է մասնակցեր իր քրոջ ավարտական երեկոյին, սակայն չի կարող, քանզի իրավապահները նրան տարել են անհայտ ուղղությամբ:

«Մենք չափազանց տխուր ենք, քանզի չգիտենք, թե որտեղ է նա։ Մենք չենք կարողացել գտնել նրան, և սա անարդար է... մենք կցանկանայինք ապրել առանց ձերբակալվելու մշտական վախի», - ասել է Քիմբերլի Հերնանդեսը:

Մեկ այլ աշխատակցի կին էլ պատմում է, որ Ֆեյսբուքից է իմացել, որ ավտոլվացման կետում ռեյդ է իրականացվել, ամուսնուն էլ միգրացիոն ծառայությունը տարել է: «Ճանաչեցի ավտոլվացման կետը և հնարավորինս արագ հասա այնտեղ։ Երբ հասա, այն դատարկ էր»,- ներկայացնում է Նոեմի Չաուն:

ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում Թրամփի վարչակազմի դեմ ցույցեր են նախատեսվում նաև շաբաթ: Նույն օրը Վաշինգտոնում կանցկացվի ռազմական շքերթ՝ նվիրված ԱՄՆ բանակի կազմավորման 250-ամյակին: Այդ օրը նաև նախագահ Թրամփի 79-ամյակն է:

Այսօր դաշնային դատարանում նախատեսված է նիստ, որի ժամանակ պետք է որոշվի՝ իրավասո՞ւ է Թրամփի վարչակազմն Ազգային գվարդիան և ծովային հետևակն օգտագործել միգրացիայի ծառայության գործողություններին աջակցելու համար: Դատական հայցը ներկայացրել է Կալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետը Գևին Նյուսոմը:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG