Մինչ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են, թե իշխանություններն արհեստականորեն արգելանքի տակ են պահում Վանաձորի ավագանին՝ թույլ չտալով ընտրված քաղաքապետ ունենալ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ավագանու անդամներին կոչ է անում մի կողմ թողնել իրենց քաղաքական բոյկոտն ու ներկայանալ արտահերթ նիստերին:
Նորանշանակ մարզպետը տեղական «Լոռի» ՀԸ եթերում օրերս խոշոր ծրագրերի մասին է խոսել ու պնդել, թե դրանք որոշում կդառնան միայն ավագանու նիստերում, որ արդեն ութ ամիս Վանաձորում չեն կայացել:
«Ես կարծում եմ, որ անկախ քաղաքական հայացքներից Վանաձորի ավագանու բոլոր 33 անդամները սիրում են իրենց քաղաքը, ծննդավայրը և համայնքի զարգացումը կաթվածահար չեն անի՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով», - ասել է նա:
ՔՊ-ական մարզպետը քննադատել է ընդդիմադիրների՝ հանրապետության երրորդ քաղաքի ավագանու նիստերին չներկայանալն այն դեպքում, երբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, հենց երեկ իրենց կուսակցության բոյկոտի պատճառով ավագանու նիստը տապալվեց:
Ընդ որում՝ Արեն Մկրտչյանը նշել է, թե ընդդիմադիրները նեղ անձնական կամ թիմային հարցերից դրդված նիստերի չեն գնում, թեև արդեն ութ ամիս Վանաձորի քաղաքապետարանը արտահերթ նիստեր չի էլ նախաձեռնել:
Ընդդիմադիր «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն իր ֆեյսբուքյան էջում հակադարձել է մարզպետին ու հորդորել «ավագանու հետ շանտաժի լեզվով չխոսել»: Նշել է, որ ավագանին արտահերթ նիստերի փոխարեն հերթականը պետք է գումարեր:
«Վանաձորի ավագանու հետ շանտաժի լեզվով մի խոսեք, հատկապես, երբ ապօրինաբար թույլ չեք տալիս Վանաձորը ունենա ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ։ Վաղուց այդ խայծը ոչ ոք չի ուտում», - իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» խմբակցության ղեկավարն ու մի տեսանյութ կցել, որտեղ պնդում է, որ «այլևս չկան խանգարող հանգամանքներ, և պետք է հրավիրել ավագանու հերթական, անդրանիկ նիստը, որ 4 տարի է՝ տարբեր պատրվակներով հետաձգվում է»:
«Այս պրոցեսը շրջանցելով՝ օրվա իշխանությունները փորձում են շանտաժի լեզվով պարտադրել ավագանու անդամներին, որ մասնակցեն ապօրինի նիստերին և կայացնեն այնպիսի որոշումներ, որի համար հետագայում լինելու են բազմաթիվ խնդիրներ», - շեշտել է նա:
Երկու շաբաթ առաջ հարկադիր կատարման ծառայությունը հաշվի էր առել, որ դեռ 2023-ին վարչական դատարանը վերջնական վճիռ է կայացրել Վանաձորի տեղական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ավագանու վրա դրված արգելանքը հենց այդ դատական գործընթացի հետ էր կապված: Եթե դատն ավարտվել է, պետք է, որ արգելանքն էլ հանվեր: Հարկադիրը հանեց արգելանքը, բայց մեկ օր անց նույն ծառայությունը փոխեց որոշումն ու նշեց, թե դատարանը պետք է արգելանքը հանի, ոչ թե իրենց ծառայությունը:
Լոռու մարզպետ Մկրտչյանը հարցազրույցում պնդել է, թե հարկադիրի կայացրած որոշումն ամենևին քաղաքական չէ:
«Իսկ կարո՞ղ ենք ձևակերպել, որ կան մարդիկ, որոնք նախընտրություններ ունեն քաղաքապետ փոխելու, և երբ առաջին որոշումն իրենց սրտով է, իրավական է, որը իրենց սրտով չէ՝ նաև քաղաքական... երբ առաջին որոշումը կար, դա իրավական էր, որովհետև շատ մարդկանց սրտով էր՝ նոր ընտրությունների տանել քաղաքը, և երբ կայացվեց երկրորդ որոշումը, դա քաղաքական էր, ինչո՞ւ, իսկ առաջինն ինչո՞ւ քաղաքական չէր», - հարցնում է նա:
Մարզպետն այդպես էլ չի բացահայտել՝ ինչո՞ւ նոր ընտրություններն իրենց սրտով չեն:
2021-ի տեղական ընտրություններից հետո խորհրդարանը օրենք փոխեց, վարչապետը Վանաձորում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց: Արդյո՞ք ի վերջո կհանվի ավագանու վրա դրված արգելանքը, Վանաձորում ընտրություններ տեղի կունենա՞ն, թե՞ առնվազն մինչև 2026-ին՝ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը, ամեն գնով կպահպանվի ընտրովի ղեկավար ունենալու արգելքը: Ընտրությունների դեպքում ներկայիս պաշտոնակատար Արկադի Փելեշյանը կդառնա՞ արդյոք իշխող կուսակցության թեկնածուն:
Թեև պաշտոնյաներից մշտապես միայն գովեստի խոսքեր են հնչել Փելեշյանի հասցեին, բայց Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ուշագրավ դիտարկում է արել, թե մարզպետարանի և համայնքապետարանի միջև «մտածողության և ընկալումների տարբերություն կա», ինչն ինքը չի ընդունում: Կոնկրետ ի՞նչ նկատի ունի՝ մարզպետը չի պարզաբանել:
Երկու ամիս առաջ պաշտոնն ստանձնելիս Արեն Մկրտչյանը հայտարարել էր, թե «կոռուպցիան բնում խեղդելու է»: Ովքե՞ր են մարզի այդ կոռուպցիոներները, արդյո՞ք դա Վանաձորի գործող իշխանություններին է վերաբերում, «Ազատության» գրավոր հարցերին մարզպետը միայն մի նախադասությամբ էր պատասխանել, թե իր հայտարարությունը հավելյալ մեկնաբանելու կարիք չի տեսնում: