Մատչելիության հղումներ

Լոռու գյուղերը՝ Դեբետն ու Դսեղը կինոյի կենտրոն են դարձել. փառատոն է


Բացօթյա կինոդիտում՝ Լոռիում, սեպտեմբերի 1, 202
Բացօթյա կինոդիտում՝ Լոռիում, սեպտեմբերի 1, 202

Լոռու գյուղերը՝ Դեբետն ու Դսեղը կինոյի կենտրոն են դարձել. փառատոն է: Բացօթյա, մեծ էկրանին տարբեր երկրների ռեժիսորների վավերագրական, ոչ խաղարկային ֆիլմերն են ցուցադրվում: Գյուղի գործերն ավարտած լոռեցիներ ու նաև մայրաքաղաքից հյուրեր կան, որ եկել են կինո դիտելու՝ մեծ էկրանին: Գորգն այստեղ կարմիր չէր:

«Մեր գորգը մեր հողն է»

«Մեր գորգը մեր կանաչ խոտն է, մեր հողն է, և ինձ թվում է դրանից ավելի կարևոր գորգ չկա։ Եվ դրա համար շատ բաներ չեմ ասի, թե ինչ ինչքան կարևոր է մեր գյուղում անցկացնել նման միջոցառումներ։ Ուղղակի կցանկանայի, որ և՛ գյուղը, և՛ մարզը ավելի ակտիվ մասնակցեն», - ասում է «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ Գարեգին Զաքոյանը:

«Ծիրանի ծառ» կինոփառատոնը11-րդ անգամ է բացվում: «Ֆիլմադարան» ՀԿ-ն տարին հազարավոր ֆիլմեր է ստանում աշխարհի տարբեր երկրներից։ Ընտրում են քչերին՝ մինչև երեք տասնյակ։ Այս տարի 24 երկրներից 30 ֆիլմ կցուցադրվի մինչև շաբաթավերջ:

Կինոփառատոնի բացումը Հարություն Խաչատրյանի ֆիլմով էր՝ «Վերադարձ ավետյաց երկիր»: 35 տարեկան ֆիլմում 1990-ականների Հայաստանն է՝ ամեն ինչ կորցրած մարդկանց հուսահատության ու նոր կյանքի մասին։ Ֆիլմի հերոսները բռնությունից փախած մի ընտանիք է, որ գալիս է Հայաստանի հյուսիսային գյուղերից մեկը, ուր մինչ այդ ապրել են ադրբեջանցիներ։ Պատմությունն այն մասին է՝ ինչպես է այս տառապած ընտանիքը գալիս, նոր տեղում անբնակ մի տուն շենացնում, հող մշակում, երեխա ունենում: Կյանքի նոր սկիզբ՝ ամենադժվար պայմաններում։

Ֆիլմի հեղինակը՝ ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Հարություն Խաչատրյանն ասաց՝ ուրախ է՝ այս անգամ գյուղի մարդիկ են դիտում իր 35 տարեկան ֆիլմը, որ նաև այսօրվա մասին է. «Ես դարձել եմ 70-տարեկան, և այս ֆիլմը 35 տարով մեծացել է այն ժամանակից, երբ ես նկարել եմ այս ֆիլմը։ Սա դրվել է շատ փառատոններում ու երկրներում, բայց ես նորից վախենում եմ, որ ֆիլմը նորից չհավանեն, վախենում եմ, որ ֆիլմը չհասկանան, վախենում եմ, որ ֆիլմը նորից հայհոյեն կամ նեղանան», - ասում է ֆիլմի հեղինակը:

Դեբեդցի փոքրիկ Արմանն ու Սուրենը, Մարիամը, Գոռն ու Արայիկը կինոփառատոնի օրերին տեսախցիկ են բռնել։ Իտալացի ռեժիսոր Մարթա Վիոլանտեն կինոդպրոցի 8 օրերին նրանց սովորեցնում է լույս կիրառել, կադր կառուցել, օբյեկտիվի միջով տեսնել իրենց գյուղը։ Սևոյի գյոլը, Լոռու գետակի ձկները, անտառի հատապտուղները՝ ամեն ինչ կադր է դարձել:

Մարթան ասում է՝ իրեն շատ է դուր գալիս, երբ երեխաների հետ անտառ է գնում հատապտուղներ հավաքելու: Պատմում է՝ ինչ հիացմունք են ապրում, երբ անտառում մոշ, Լոռվա գետակում՝ ձուկ են գտնում ու նկարում. «Տասը օրը շատ չէ, բայց ինձ համար շատ կարևոր է սովորեցնել իրենց խմբով աշխատել, համագործակցել։ Գուցե տեխնիկական շատ բաներ չհասցնենք, բայց խոսում ենք ընկերական հարաբերությունների մասին, ինչը կարևոր է` ինչպես կինոյում, այնպես էլ կյանքում», - ասում է իտալացի ռեժիսորը:

Փառատոնի մեկնարկին արտամրցութային ցուցադրություն էր. ստվերային թատրոն էր՝ գեղի գլխով անցած-գնացած մի քանի հին պատմություն:

Փառատոնը կփակվի շաբաթավերջին՝ շվեդ ռեժիսոր Կնուտե Վեսթերի «Սահմանը մեր ներսում» ֆիլմով։ 3 տարի առաջ Վեսթերը մասնակցել է «Ծիրանի ծառին», այսօր նրա ֆիլմը վերադարձել է Դեբետ։

Սեպտեմբերի 6-ին պրեմիերա կլինի գյուղի բացօթյա մեծ էկրանին։ Այն սահմանամերձ Սյունիքի մարդկանց պատմությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG