Լիտվայի կառավարությունը որոշել է մեկ ամսով փակել Բելառուսի հետ Մեդինինկայի (Կամեննի Լոգ) և Շալչինկայի (Բենյակոնի) սահմանային անցակետերը: Սահմանափակումները ուժի մեջ կլինեն այսօրվանից մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշեր՝ երկարաձգման հնարավորությամբ:
Շալչինկայի անցակետը կփակվի ամբողջությամբ, իսկ Մեդինինկայը՝ որոշ բացառություններով։
«Դիվանագետները, Կալինինգրադից տարանցիկ ուղևորները, Լիտվա վերադարձող քաղաքացիները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները կկարողանան անցնել սահմանը։ Լիտվայում բնակության թույլտվություն ունեցող անձինք նույնպես կկարողանան ստանալ մարդասիրական անցագրեր, որոնց վերաբերյալ որոշումը կկայացնի Պետական սահմանային ծառայությունը»,- հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը։
Լիտվայի իշխանությունները պարզաբանել են, որ այս սահմանափակուկմների պատճառը Բելառուսից Լիտվա մտնող մաքսանենգ օդապարիկներն են, ինչն էլ խնդիրներն է առաջացրել օդանավակայանների համար՝ սահմանափակելով դրանց գործունեությունը։
Ըստ Ռոյթերզի՝ օդապարիկները մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արկղեր են տեղափոխում։
«Այս փոփոխությունները պետք է իրական ազդանշան լինեն մեր, ինչպես տեսնում ենք այսօր, ոչ այնքան բարյացկամ հարևանի համար, որը ոչ մի ջանք չի գործադրում խնդիրը լուծելու համար», - հայտարարել է Լիտվայի Ներքին գործերի նախարարը՝ հավելելով. «նրանց անգործությունը նշանակում է արդյունավետ համագործակցություն»։
Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն էլ Լիտվա ուղարկված մաքսանենգ օդապարիկներն անվանել է «Բելառուսի կողմից կատարված հիբրիդային հարձակում»։
«Մենք պետք է իրերն իրենց անունով կոչենք: Մենք լավ հասկանում ենք, թե ինչ անհարմարություններ կստեղծի այս որոշումը մեր քաղաքացիների և բիզնեսների համար։ Խորապես ցավում ենք դրա համար, բայց շատ լուրջ ենք վերաբերում անվտանգությանը։ Մենք կարծում ենք, որ բոլոր քաղաքացիների անվտանգությունն այսօր մեր առաջնահերթությունն է», - հայտարարել է երկրի վարչապետը:
Երկու սահմանային անցակետերը փակելու որոշմանը զուգահեռ, Լիտվայի իշխանությունները նաև հայտարարեցին, որ կկրակեն մաքսանենգ ապրանք տեղափոխող օդապարիկները։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լիտվայի կողմից սահմանի փակումը «խելագար խաբեություն» է և մեղադրել է Արևմուտքին Բելառուսի և Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, որը սկիզբ է դնում փշալարերի բաժանման նոր դարաշրջանի։