Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Սյունիքի շուրջ վտանգներ է տեսնում, բայց չի բացահայտում՝ ինչպիսի՞: Այսօր նա Մատենադարանում մասնակցում էր իր 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:
Տեր-Պետրոսյանը նաև կարծում է՝ ստեղծված իրավիճակից ելք միշտ կա, բայց էլի չասաց՝ իր պատկերացրած ելքը:
«Ազատության» հարցին՝ «վաշինգտոնյան պայմանավորվածությունները խաղաղության կբերե՞ն, Փաշինյանը վստահ է, որ խաղաղությունն արդեն հաստատված է», առաջին նախագահը պատասխանեց. «Դե ուրեմն ասեք՝ փառք քեզ, տեր Աստված»:
Տեր-Պետրոսյանը կարծում է՝ Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը պատերազմ բերեց: Իսկ իր ու Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականության միջև ոչ մի ընդհանրություն չի տեսնում:
«Ես ասե՞լ եմ իմ հոգեզավակն է, ուրիշներն են ասում: 2008-իմ իմ կողքն էնքան մարդ էր կանգնած, էն ժամանակ շատ լավ էլ աշխատեցին իրենք, բոլորը, Նիկոլն էլ»:
Լրագրողի դիտարկմանը՝ «2018-ին էլ դեմ չէիք հեղափոխությանը, իրեն աջակցում էիք, համենայն դեպս չէիք քննադատում», Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Հեղեղն ինչպե՞ս գնահատես, դա մի այնպիսի փոթորիկ էր, մարդը հաջողեց: Ինչ նպատակ դրել էր, հասավ, լավ ու վատ չեմ ասում, ինքը հասավ իր նպատակին»:
Առաջին նախագահն իր հասցեին քննադատությունն անպատասխան թողեց
Տեր-Պետրոսյանի, նրա կուսակիցների գրառումներից հետո պարբերաբար փոխհրաձգություն է սկսում իշխանակնների և ՀԱԿ-ի անդամների միջև:
Կրքերը նորից բորբոքվեցին առաջին նախագահի՝ Անկախության տոնին հաջորդած ֆեյսբուքյան գրառումից հետո, որտեղ նա Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունն Ադրբեջանին պատերազմ հայտարարել էր որակել, Փաշինյանի քաղաքականությունը՝ հանցավոր, կարծիք հայտնել, թե «Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի և Մելիք Ֆրանգյուլի կողքին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան մեկ օրում երեք գրառում արեց՝ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու հակընդդեմ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի երեք նախագահների հասցեին էլ: Բայց մի առանձին հարց ուներ Տեր-Պետրոսյանին. «ՏՊԼ-ին ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։
Առաջին նախագահն իր հասցեին այս քննադատությունն այսօր անպատասխան թողեց: Ասաց՝ ինքը գրավոր է արձագանքում Փաշինյանի մեղադրանքներին: Իսկ վիրավորանքներին՝ երախտագիտությամբ պատասխանեց:
Արդեն ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երեք նախագահներին բանավեճի է հրավիրում, այդ հրավերն անպատասխան է մնում: Վարչապետը դա բանավեճից փախչել է որակում, երեք նախագահներն այլ կարծիքի են: Տեր-Պետրոսյանն այսօր կրկին պահանջեց նախ հրապարակել Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթերը: Նրա թիմակիցները հատկապես շեշտում են Մինսկի խմբի համանախագահների՝ 2019-ին Փաշինյանի կողմից մերժված առաջարկը, որով, ըստ ՀԱԿ-ականների, հնարավոր էր պահպանել Արցախը:
«Հրապարակի բոլոր փաստաթղթերը Ղարաբաղի վերաբերյալ, իր ձեռքի տակ են, չի հրապարակում, թող հրապարակի, հրապարակի արդեն վեճը վերջացած կլինի», - ասաց նա:
ՀԱԿ-ը կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին
ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Էդ Լևոն Զուրաբյանին հարցեք»:
Անպատասխան թողեց հարցը՝ արդյոք ի՞նքն է գլխավորելու ցուցակը:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց՝ տրամադրված են մասնակցել ընտրություններին, բայց նախ համաժողովրդական շարժման կարիք են տեսնում՝ «վիրավոր երկիրը» ոտքի կանգնեցնելու, արժանապատվության վերականգնման համար»:
Մատենադարանի տնօրենը ներկա չէր Տեր-Պետրոսյանի հոբելյանին նվիրված գիտաժողովին
Մինչև Ղարաբաղյան շարժումը Լևոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանի քարտուղարն էր: Նրա հոբելյանին նվիրված գիտաժողովին արտերկրից գիտնականներ, ՀԱԿ-ի նրա կուսակիցներն էին մասնակցում: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, որը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումներում վարչապետին ու նրա տիկնոջն անձամբ է դիմավորում, ներկա չէր: Տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանից փորձեցինք պարզել բացակայության պատճառը. «Գործուղման մեջ է, վաղուց էր պլանավորված»:
Ըստ Մատենադարանի ֆեյսբուքյան էջի, Խզմալյանը երեկ միջազգային գործընկերների է ընդունել, այսօր, փոխանցեցին նույն կառույցից՝ այցելել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն: