Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունքից


Բաքվի ռազմական դատարանում դեկտեմբերի 25-ին շարունակվել է հայ ռազմագերիների դատը: Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր վերջին ելույթը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները:

Հայ գերիների դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:

Պետական գործակալությունների փոխանցմամբ՝ Մնացականյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքից և դատարանին խնդրել է որոշում կայացնել միայն դատարանում տրված ցուցմունքների հիման վրա:

Նա դատարանին ներկայացրել է երեք օր շարունակված իր ելույթի 51 էջանոց տեքստը, որը խնդրել է կցել դատական նիստի արձանագրություններին:

Այնուհետև եզրափակիչ խոսքով սկսել է հանդես գալ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում:

Ռազմական դատարանում ավելի վաղ խոսել էին նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունել:

Բաքվում պահվող գերիների շահերը միջազգային դատարաններում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում այս ամենը ֆարս է անվանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG