Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել է ադրբեջանցու մեղադրանքը


Բաքվում շարունակվել է հայ ռազմագերիների դատավարությունը, որն ընթանում է առանց միջազգային կազմակերպությունների, անկախ լրատվամիջոցների բացակայության պայմաններում:

Ըստ պետական լրատվական գործակալությունների՝ ցուցմունք է տվել Իլհամ Մամեդով ներկայացող նախկին զինծառայող, որը պնդել է, թե 2002թ. գերեվարվել է Հայաստանի զինված ուժերի կողմից: Նա պնդել է, թե իր նկատմամբ «բռնություն է կիրառվել», ապա հայտարարել, թե իրեն ծեծողներից մեկը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն էր: Մնացականյանը հերքել է այս մեղադրանքները:

Նա հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայող գերեվարվել է 2002-ին, սակայն շեշտել, որ գերու նկատմամբ խոշտանգումներ չեն կիրառվել: Նա ձերբակալվել է, հարցաքննվել քննիչների կողմից, հանձնվել համապատասխան մարմիններին, նրան սնունդ են հատկացրել:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն էլ միջնորդել է դատարանին իրեն տրամադրել Ադրբեջանում գրանցված միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ցանկը: Դատական նիստը նախագահող դատավորը հայտարարել է, որ այս հարցը չի վերաբերում դատարանի իրավասությանը և գործունեությանը: Նա նշել է, որ Ադրբեջանում «միջազգային կազմակերպությունների գործունեության հետ կապված խնդիր չկա»։

Դատավորն ասել է, որ նրա իրավունքները պաշտպանող փաստաբանը կարող է տրամադրել այդ կազմակերպությունների ցանկը:

Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, նիստերից հաղորդում են բացառապես Ադրբեջանի պետական լրատվամիջոցները, որոնց ներկայացրած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։

Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։

Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած երեք ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել է Ադրբեջանից 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:


XS
SM
MD
LG