Մատչելիության հղումներ

Փաշինյանը՝ Պուտինին. «Կուտակվել են հարցեր, որ քննարկման կարիք ունեն»


Կրեմլում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հանդիպման հրապարակային հատվածում Վլադիմիր Պուտինը խոսեց տնտեսական համագործակցության, ապրանքաշրջանառության մասին։

«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում։ Մենք միշտ, առաջին հերթին, ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը», - նշել է նա։

Վլադիմիր Պուտինը նկատել է, որ տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան, սակայն դրա մասին հանրային կերպով չեն խոսի։ Նա հավելել է, որ հնարավորություն կա Եվրասիական համայնքի աշխատանքի «կողքին» խոսել հարաբերությունների ողջ համալիրի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգությունը։

Նիկոլ Փաշինյանը, որ այսօր՝ մայիսի 8-ին է մեկնել Մոսկվա, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ վերջին հանդիպումը անցյալ տարվա դեկտեմբերին է կայացել։

«Դրանից հետո, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Խորհրդի նիստում, իհարկե, քննարկվել է հարցերի տնտեսական բլոկը։ Եվ հիմա հուսով եմ և վստահ եմ, որ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, տարածաշրջանային հարցեր»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ։

«Մենք ունեցանք հոբելյանական գագաթնաժողով, լրացավ ԵԱՏՄ-ի տասնամյակը, բոլոր երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն այդ միջազգային կազմակերպության շրջանակում: Հայաստանի համար առևտրաշրջանառության ավելացումը ԵԱՏՄ երկրների հետ 2015 թվականից զգալի է եղել` 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս զարգանում են հաջողությամբ», - ըստ հայկական կողմի՝ Պուտինին ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ Երևանն առաջին հերթին ուշադրություն է դարձնում տնտեսական համագործակցությանը:

Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճը զգալի է եղել, ինչը կապված է Մոսկվայի կողմից արտահանման աճի հետ Հայաստան:

«Առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլար, նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել», - նշել է Փաշինյանը։

  • Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում էր 2023-ի վերջին, մասնակցել էր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
  • Վերջին շրջանում Երևանը բազմիցս բաց է թողել Մոսկվայի առաջնորդած որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները և ՀԱՊԿ-ի միջոցառումները։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։
  • Հայաստանը ՀԱՊԿ-ին մեղադրել է ոչ վստահելի լինելու համար՝ Հանրապետության սահմանամերձ շրջաններ ադրբեջանական զորամիավորումների ներխուժմամը համարժեք չարձագանքելու կապակցությամբ։
  • Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Երևանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

XS
SM
MD
LG