Մատչելիության հղումներ

Լավրովը՝ վաշինգտոնյան փաստաթղթի մասին. «Կայծի պես կանցնի, եթե ոչինչ չհետևի»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Պետք է հետևել՝ ինչպես են հայ - ադրբեջանական պայմանավորվածությունները կյանքի կոչվելու, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում շատ բան համաձայնեցված չէ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում՝ Սերգեյ Լավրովը պնդել է, թե պայմանագրի նախաստորագրումից հետո սկիզբ առած ոգևորությունն այժմ փոխարինվել է կասկածամիտ գնահատականներով։

«Այդպիսի գործողությունները նման են արտաքին քաղաքականության այն ժանրին, որի դեպքում անհրաժեշտ է ինչ-որ վառ բան անել և այն խաղարկել տեղեկատվական դաշտում։ Այդ մեթոդը կյանքի իրավունք ունի, սակայն եթե դրան ոչինչ չհետևի, եղածը կայծի պես կանցնի, մինչդեռ մենք հետաքրքրված ենք, որ իրական խաղաղություն հաստատվի», - պնդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, այդ թվում՝ Արևմուտքի մասնակցությամբ, սակայն դա պետք է լինի ազնիվ։

«Խոսքն այն մասին է, որ Եվրասիայի տարբեր հատվածներում գործընթացները մեկը մյուսին չկրկնօրինակեն, այլ՝ փոխլրացնեն, որ տրանսպորտային միջանցքների նախագծերը մշակվեն՝ հաշվի առնելով ամենաօպտիմալ երթուղիները», -ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG