«Ցանկացած մարդ, որ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ է, որ հնարավոր չէ անցնել ԵՄ չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ», - այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները։
«Այս հարցը ես բազմիցս քննարկել եմ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցությունը անհնարին է ոչ միայն առևտրում և ներդրումային քաղաքականության հարցերում միմյանց չհամապատասխանող նորմերի պատճառով։ Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ եվրամիութենական Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի օրենսդրական-նորմատիվ բազան իր սկզբունքներին համապատասխան», - նշել է Լավրովը։
«Էլ չեմ խոսում, որ այդ սկզբունքները, ինչպես, օրինակ, Սերբիայի դեպքում է, նախատեսում են ամբողջական միացում ԵՄ արտաքին քաղաքականությանը։ Իսկ դա նշանակում է միանալ նաև հակառուսական պատժամիջոցներին և հայտարարություններին», - հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Անդրադառնալով 2025-ի դեկտեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթին՝ Լավրովն այսօր նշել է․ - «Հայերին վիզային ռեժիմի ազատականացում են առաջարկում, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ ԵՄ-ն պետք է դերակատարություն ունենա իրավապահ համակարգում, սահմանների պաշտպանության հարցերում։ Հասկանալի է, որ Հայաստանում են գտնվում մեր սահմանապահները։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչպե՞ս է դա համատեղվում Երևանի ներկայիս պարտավորությունների հետ»։
«Այդ իսկ պատճառով, շարժումը ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ (այդ մասին նաև համապատասխան օրենքներ են ընդունվել) չի կարող համատեղվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ», - եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարը։