Մատչելիության հղումներ

«Լավ կերթա, ամա կամաց կերթա». հայացք Թուրքիայից


«Լավ կերթա, ամա կամաց կերթա, ինչու ըլլալը չգիտեմ», -հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման տեմպից թե՛ 82-ամյա պոլսահայ Պողոս Պապիկյանն է դժգոհ, թե՛ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը. «Մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք շուտ կուզենք, բայց դանդաղ կընթանա»:

Այդ բարդ հարաբերությունների ամենամեծ ծանրությունը մեր ուսերին է, հարցը լուծվի մենք կթեթևանանք, շեշտում է Սահակ արքեպիսկոպոսը. «Մեր համայնքը կուզի, որ այս հարաբերությունները սերտանան, մտերմանան և հայ-թուրք հարաբերությունները 100 տարվա մեջ այնքան պրկված են, որ էստեղ հայ անունը հայհոյանքին հավասար է և Հայաստանում էլ թուրք անունը հայհոյանքին հավասար է: Ուրեմն, եթե այս հարաբերությունները շտկվեն մեր կռնակից բեռ կիջնի», - ասում է Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Այն, ինչ լսում է Երևան-Անկարա պաշտոնական շփումների մասին՝ լավ լուրերի շարքին է դասում պատրիարքը. «Թրքական օդային գծերը պետք է աշխատեն, ճամփաները կշինվին երկկողմանի, Անիի կամուրջը երկկողմանի, այս բոլորը ընթացք է»:

Բոլոր պայմանավորվածությունները դեռ թղթի վրա են. Թուրքիան տարիներ շարունակ չի բացում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, Անիի կամրջի նորոգման արձանագրությունները կան, շինարարությունը՝ ոչ: Առաջընթացը ակտիվ հանդիպումներն են: Դրանց հաջորդող գնահատականները՝ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ:

«Մենք հույս ունինք, այսինքն՝ անհատ հանդիպումները մեր համայնքի համար շատ մեծ կարևորություն ունեն, կուզենք սահմանը բացվի, երկու երկրների հարաբերությունները լավանան, որովհետև տարիներ առաջ այս խոսելն էլ չկար, բան մը չկար», - ասում է Պոլսում հայոց լեզու դասավանդող Արփեն Չինարը:

Արփեն Չինարը փորձում է հասկանալ նույնիսկ այն, որ ցեղասպանության ճանաչման հարցը Երևանը հանել է իր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից. «Իմ զգացումով ընդունելի չէ, հասկնալ կջանամ քաղաքական իմաստով», - ասում է ուսուցիչը:

Հասկացել է այն, որ ցեղասպանության հարցով կջրվի հայ թուրքական կարգավորման հույսը. «Մեր զգացումները մի կողմ ձգելով, քաղաքական, պաշտոնական իմաստով երբ մտածենք, ցեղասպանությունը բարձրաձայն խոսի և բաներ մը պահանջել Թուրքիո պետությունից, այս հարաբերությունները ժխտական իմաստով պիտի ազդե»:

Ես ուրիշ կխորհեմ,- նկատում է «Ժամանակ» օրաթերթի համակարգող Նադիա Գոչունյանը. «Անշուշտ բարիդրացիությունը շատ լավ է, անշուշտ խաղաղությունը լավ է, բայց միշտ երկկողմանի շահերով»:

Նա որևէ բովանդակություն չի տեսնում Անկարայի ու Երևանի միջև կրկնվող հանդիպումներում:

«Հայաստանի իշխանությունը կզարդարեն, ցույց կտան, բայց իրականության մեջ մակիյաժ է, երկկողմանի բան չկա, այդպես կթվա իմ աչքին», - ասում է Նադիա Գոչունյանը:

Մահմուդը հաճույքով է պատմում՝ իր սննդի արագ կետի հաճախորդներից շատերը հայեր են, խմբերով են գալիս, ասում է՝ պետությունները թող իրար մեջ հարցերը լուծեն. «Հայերը լավ ժողովուրդ են, մի օր խնդիր չեմ ունեցել իրենց հետ: Հայ-թուրքական հարցերը մի քիչ խառն են, մենք էլ շատ գոհ չենք մեր պետությունից»:

Ալին նույնն է ասում. - «Մենք որպես ժողովուրդ թշնամություն չունենք, այստեղ շատ հայեր կան, ընկերական ջերմ ենք իրար հետ, մնացածը քաղաքական հարցեր են, մեզ հետ կապ չունեն»:

Բոլոր թուրքերը չէ, որ մեզ հետ լավ են, կխոսեն՝ մի գեշ բան կասեն,-ասում է Երջանիկ Ունալը: Ստամբուլի Շիշլի թաղամասի հայերից է: Այստեղ է ապրում նաև Մարի Այնարը, էլի հայ:

«Երկրի ներսում էլ խաղաղ չենք, հաշտությունից են խոսում, դեռ չգիտենք՝ ինչ կստացվի, նախ լավ է՝ թե սահմանը բացվի», - ասում է Այնարը:

33 տարի «բարի եկաք» ցուցանակով է «Նոստալջի» գրախանութ-սրճարանի թուրք սեփականատերը՝ Սուհա Համամջին, դիմավորում այցելուներին: Նրա խանութում ոչ միայն Պոլսում, նաև Երևանում տպված հայալեզու գրականություն կարելի է գտնել: Նաև օրվա թարմ թերթերը՝ մի գավաթ տաք սուրճի հետ

«Տասը տարի առաջ ավելի շատ հայ ընթերցողներ էին գալիս, հիմա նաև գրականություն սիրող թուրքրեը: Զապել Եսայան Բիբերյան, այլ գրքեր են գնում», - պատմում է Սուհա Համամջին:

Ես էլ միայն վաճառող չեմ, թրքալեզու հայ գրականություն եմ կարդում, - ասում է Սուհա Համամջին: Հայերին ու թուրքերին մի գրքի ու սուրճի շուրջ միավորող Սուհան հետևում է նաև երկու երկների միջև ծավալվող դիվանագիտական անցուդարձին. «Հասարակությանը փոխանցվող մեծ փոփոխություններ չեմ տեսնում, վերջին շրջանում խոսքերն են շատացել»:

Ասում է՝ Թուրքիայի Հանրապետությունում քանի կառավարութուն էլ փոխվի՝ մի շարք բաներ նույնն են մնում. «Պետության քայլերը դանդաղ են: 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողքին լինելը մեր պետությունը պարծանքով է նշում ու այս ամենն ազդում է գործընթացի վրա», - նկատում է գրախանութի թուրք սեփականատերը:

Ինքն իր փոքրիկ քայլերով ուզում է արագացնել պրոցեսը՝ թեկուզ «խաղաղ» ու «խաղող» բառերի խաղով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG