Մատչելիության հղումներ

Քվորումի բացակայությունը բարկացրեց Փաշինյանին. բյուջեի քննարկումը՝ իշխանություն-ընդդիմություն մեղադրանքների առիթ


Քվորում չապահովելու պատճառով Ազգային ժողովի նիստն այսօր սովորականից ավելի ուշ մեկնարկեց։ Սա զայրացրեց բյուջեի քննարկման համար խորհրդարան հասած վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Իշխանական 69 պատգամավորներից նիստին ներկա էին միայն 49-ը, դահլիճում ներկա 2 անկախ պատգամավորները՝ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն էլ, ինչպես ավելի ուշ պարզվեց, հրաժարվել էին գրանցվել։ Քվորման ձախողումից հետո վարչապետը կարճ զրույց ունեցավ Ազգային ժողովի նախագահի հետ ու հեռացավ դահլիճից։

Ավելի ուշ խորհրդարանի խոսնակը հաստատեց՝ վարչապետին դուր չէր եկել իշխանական պատգամավորներն ուշացումը. «Ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել»:

Ալեն Սիմոնյանը հերքեց, թե պատգամավորների ուշացման պատճառը ՔՊ-ում առկա խնդիրներն են ու դրանց մեջ դիտավորություն կա։ Դժգոհեց՝ ընդդիմությունը չի ներկայանում նիստերին։

«Հինգ հոգով մի ամբողջ Ազգային ժողով ենք սպասարկում, միևնույն ժամանակ մենք ունենք մարդիկ, որոնք գործուղման են, պարոն Ռուբինյանը գործուղման է, 2-3 հոգի գործուղման են, մի հոգի եթե ուշանում է խցանման պատճառով, երեխայի պատճառով կարող է սենց բան լինի», - նշեց Սիմոնյանը:

Բյուջեի քննարկումը իշխանություն-ընդդիմություն հերթական մեղադրանքների պատճառ դարձավ։ «Հայաստան» խմբակցությունից իշխանություններին մեղադրեցին տարբեր ոլորտներում ձախողումների, խոստումները չկատարելու, պետական պարտքն ավելի քան 2 անգամ մեծացնելու համար։

«Տնտեսական աճն ապահովվել է խիստ բարձր արտաքին պարտքային բեռի պայմաններում, տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ, այսօրվա դոլարի կուրսով՝ 15 միլիարդ 232 միլիոն դրամ», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ նշեց. «Դուք գրեթե 8 միլիարդի պարտք ավելացնելով մեր ապագա սերունդների ուսերին, մի ռազմավարական նշանակության օբյեկտ չենք կառուցել, ատոմակայան չեք կառուցել, ռազմավարական, ստրատեգիական նշանակության ենթակառուցվածք չեք կառուցել, երկաթգիծ»:

«Ամեն անգամ երբ որ դուք, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մեզ ինչ-որ բաների մեջ մեղադրում է, հետո գալիս է ընտրությունները կրվում է, դա ի ցույց է դնում այն, որ դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք, մեկ է մարդիկ ասում են՝ ով ուզում է լինի, մենակ սրանք չլինեն», - արձագանքեց Ալեն Սիմոնյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ անդրադարձավ ռազմական բյուջեին, հայտարարեց, որ այն 15 տոկոսով կրճատելն ուղերձ է Բաքվին ու Թուրքիային։ Բյուջեի նախագծով՝ պաշտպանական ծախսերի համար 2026-ին 1,5 մլրդ դոլար է նախատեսվում հատկացնել։

«Արտաքին քաղաքական ուղերձ է, որովհետև այս իշխանական քաղաքական կրեդոյի ուղերձն է, որ մենք բյուջեն բանակի կրճատում ենք, ուղղված Բաքվին, ուղղված Թուրքիային և այլ ոչ բարեկամ երկրներին», - ասաց Մանուկյանը:

Իշխանությունը նույն ընթացքում շեշտում է՝ չնայած անցած տարվա համեմատ մոտ 265 միլիոն դոլարով կրճատվել է ռազմական բյուջեն, այնուհանդերձ 2018-ից պաշտպանության ոլորտի ծախսերն են զգալի ավելացել, հատկապես այս տարի։

Ընդդիմադիրների մեղադրանքներին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդեց, թե պետական պարտքն զգալի ավելացել է ռազմամթերքի գնումների պատճառով. «Չէինք ուզում ասեինք, էդ էլ ասենք՝ զենք ենք առել: Պարտքո՞վ ենք զենք առել, այո, պարտքով ենք զենք առել: Ինչի՞, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»:

Պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքն ավելի քան 14 մլրդ դոլար է՝ գրեթե 11 տոկոսով ավելի 2024-ի տարվերջի տվյալներից։ Բյուջեի թեմային անդրադառնալը Հայաստանի վարչապետն դարձյալ ընդդիմադիրներին մեղադրեց օտարերկրյա ազդեցության գորկալալ լինելու համար։ Ավելին՝ ինչպես եկեղեցու, այնպես էլ այս դեպքում ժողովրդին հղում անելով՝ հայտարարեց, թե խորհրդարանական ներկա ընդդիմությունը հաջորդ գումարման Ազգային ժողովում պետք է չլինի:

«Մենք պետք է որոշում կայացնենք, ընդ որում, էական չէ՝ որ երկրի, մենք պետք է որոշում կայացնենք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր երկրի խորհրդարանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց: Մենք պետք է որոշում կայացնենք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց», - ասաց վարչապետը:

Փաշինյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը. «Ինքնիշխանության ու ազդեցության գործակալի մասին խոսում է մի իշխանություն, որ իր երկրի անվտանգության հիմքը դարձրել էր դրոշները, հիշեք՝ Հայաստանում ամեն քայլափոխի Ռուսաստանի դրոշը տնկված էր, Ամերիկայի դորշը Երասխում դրված էր՝ իբր անվտանգություն ենք ապահովում, Եվրամիության դրոշներով, էդ իշխանությունն ապահովող են, ամբողջ կյանքը, ամբողջ իր պայքարով երկրի ժողովրդի իրավունքները պաշտպանելն էլ՝ ազդեցության գործակալ»:

Բյուջեի քննարկումներն ավարտվեցին, առջևում քվեարկությունն է:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG