Ռուսաստանը Հայաստանը համարում է բարեկամ երկիր և պատրաստ է էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Պեսկովն այսկերպ արձագանքել է մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական գերատեսչություններին հանձնարարել է «վերականգնել կապերը» ռուս գործընկերների հետ։
«Իրականում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել: Դրանք չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ երկկողմանի, պատմական ու մշակութային և ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիային համատեղ մասնակցության առումով, - ասել է Կրեմլի խոսնակը և հավելել, - իհարկե, մենք ավելի քան բավարարված ենք հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարներին և պատրաստ ենք ամեն կերպ զարգացնել դրանք»։