Մատչելիության հղումներ

«Տեխնիկական հարց է». ՔՊ-ի անցած տարվա հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը խնդիրներ է հայտնաբերել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անցած տարվա հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը խնդիրներ է հայտնաբերել՝ վարչապետ Փաշինյանի ղեկավարած կուսակցության ֆինանսական մուտքերը կատարվել են օրենքի խախտումներով։

Համաձայն աուդիտորական եզրակացության՝ 2023-ին ՔՊ-ին փոխանցված գումարը գերազանցել է օրենքով սահմանված չափը, բայց իշխանական կուսակցությունը չի կատարել օրենքի պահանջը, հավելյալ գումարը չի վերադարձրել նվիրատուներին կամ պետբյուջե։ ՔՊ-ն վերադարձի ենթակա մոտ 123 միլիոն դրամը պահել է սեփական բյուջեում։

«Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը տեխնիկական է որակում խնդիրը ու հեշտ լուծելի։

«Չի կարող այդտեղ չարամտորեն ոչինչ լինել, որովհետև այդ ամեն ինչը թափանցիկ է ու այսպես գնում են մարդիկ ուսումնասիրում են, եթե տեխնիկական խնդիրներ են լինում, էդ խնդիրները շատ արագ ու հեշտ լուծելի են, միայն ու միայն տեխնիկական հարցեր են», - ասաց Ալեքսանյանը:

Կուսակցության մասին օրենքով արգելված են նաև անանուն նվիրատվությունները, սակայն աուդիտը պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիրն« այս խախտմամբ 6,6 միլիոն դրամ է ստացել։ Իրավաբանական անձանց, կազմակերպությունների նվիրատվությունները ևս արգելվում են։ ՔՊ-ում այս պահանջն էլ չի պահպանվել։ Ութ կազմակերպությունից փոխանցվել է մոտ 4 միլիոն 300 հազար դրամ։ Կուսակցական Ալեքսանյանը այստեղ էլ խնդիր չի տեսնում, այն համարում է տարընկալում, որը դեռ կլուծեն։

Չթույլատրված դրամական մուտքերը կուսակցությունը պարտավոր է ստանալուց երկու շաբաթ անց փոխանցել պետական բյուջե, սակայն այս դեպքում էլ փողը ՔՊ-ի հաշիվներում է մնացել։ Աուդիտի եզրակացությունից հետո, երբ այն հրապարակվել է ու բանը հասել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կուսակցության փոխնախագահը խոստանում է՝ օրենքի պահանջը կատարել։

Աուդիտորական կազմակերպության հայտնաբերած խախտումներից է նաև գումարի կանխիկացումը հաշվեհամարից, ինչն օրենքով արգելվում է։ Չնայած այս խնդիրներին՝ «Թրասթ աուդիտ»-ը իշխանական կուսակցության 2023-ի հաշվետվությունը ընդհանուր առմամբ ճշմարիտ է գնահատել՝ վերապահումներ ունենալով միայն հայտնաբերված խնդիրների նկատմամբ։

Այժմ փաստաթուղթն ուսումնասիրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովում դեռ քննում են նաև ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունը, որը այս նույն կազմակերպությունը բացասական էր գնահատել։ Շուրջ երկու ամիս է՝ ուսումնասիրում են, որ պարզեն իշխող կուսակցության պատիժը քրեական պետք է լինի, թե վարչական տուգանք։

Աուդիտը 22-ի հաշվետվությունում հայտնաբերել էր նույնաբովանդակ խնդիրներ՝ եզրակացնելով, որ սա կասկածի տակ է դնում կուսակցության ֆինանսական մուտքերի ու ելքերի թափանցիկությունը։

Աուդիտը «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջ է պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցությունների համար։ Այդ ֆինանսավորումը նրանց հատկացնում են, եթե Ազգային ժողովի վերջին ընտրություններին ստանում են ձայների առնվազն 3 տոկոսը։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ աուդիտորական ընկերություններն ընտրվում են վիճակահանությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG