Կոսովոն ուժեղացրել է հսկողությունը «առանցքային» ենթակառուցվածքի շուրջ շաբաթ օրը իր երկու հիմնական էլեկտրակայանները սնուցող ջրանցքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այդ ջրանցքը ապահովում է ածուխով աշխատող երկու էլեկտրակայանների հովացման համակարգերին անհրաժեշտ ջուրը, որ արտադրում են Կոսովոյի էլեկտրաէներգիայի մեծ մասը:
Կոսովոյի վարչապետը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և հայտարարել, որ պայթյունի հետևում Սերբիան է՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Սերբիան հերքել է մեղադրանքները, դատապարտել է պայթյունն ու իր հերթին Կոսովոյին մեղադրել պայթյունը կազմակերպելու մեջ՝ կոչ անելով միջազգային հետաքննություն անցկացնել։
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է «Կոսովոյի կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումը», ասվում է Պրիշտինայում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և մեր աջակցությունն ենք առաջարկում Կոսովոյի կառավարությանը՝ այս հանցավոր հարձակման մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հարցում», - նշել է դեսպանատունը։
Կոսովոյում Եվրամիության դեսպանը նույնպես դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել։
«Ես արդեն առաջարկել եմ ԵՄ-ի օգնությունը Կոսովոյի իշխանություններին: Միջադեպը պետք է հետաքննվի, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա X-ում:
Էթնիկ ալբանացիներ ունեցող Կոսովոյի և Սերբիայի միջև թշնամանքը պահպանվել է 1990-ականների վերջին տեղի ունեցած պատերազմի ավարտից հետո: Կոսովոն անկախություն է հռչակել 2008 թվականին, Սերբիան հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը։