Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր կեզրակացնի՝ խախտե՞լ է վարչապետը վարքագծի կանոնները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, Երևան, 7-ը մայիսի, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, Երևան, 7-ը մայիսի, 2025թ.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եռամսյա քննությունից հետո այսօր կեզրակացնի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմախոսներին «համբալ» անվանելով և նրանց «ԱԱԾ պադվալ» ուղարկելու նախազգուշացումներով պաշտոնյայի վարքագծի կանոնները խախտե՞լ է, թե՞ ոչ:

Կառույցից «Ազատությանը» փոխանցեցին. - «Եզրակացությունը այս պահին, այո, հանձնաժողովում արդեն վերջնականացման փուլում է, օրվա ընթացքում կլինի և եռօրյա ժամկետում կհրապարակվի»:

Եզրակացությունը կհրապարակվի առաջիկա օրերին՝ հանձնաժողովի կայքում: Չնայած ընդդիմադիր պատգամավորները պահանջել էին վարույթը քննել բաց նիստում, բայց հանձնաժողովը դա արել է գրավոր ընթացակարգով՝ առանց լրագրողների և այլ քաղաքացիների մասնակցության: Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանի բացատրությունը տեխնիկական է:

«Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը, որ մամուլի ... Առաջինը դու պտի գնաս ու դու կգնաս». - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչապետի այս և նույն օրը արած մի շարք այլ հայտարարություններ դեռ մայիսին ուսումնասիրել և վարույթ էր հարուցել՝ համարելով, որ երկրի ղեկավարը վարքագծի կանոնների առերևույթ խախտում է թույլ տվել: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանին զայրացրել էին կոռուպցիայի վերաբերյալ ընդդիմադիրների հարցերը:

Որ այս վարույթը քննվել է գրավոր՝ առանց լրատվամիջոցների, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը միտում է տեսնում: Ինքը դեռ ամիսներ առաջ է առաջարկել նիստն անցկացնել հրապարակային, բայց արձագանք այդպես էլ չի ստացել:

«Չեն մերժել, բայց միաժամանակ ես չիմացա, թե ինչպես տեղի ունեցավ այդ գործի, էդ վարույթի քննությունը ընդհանրապես», - «Ազատությանը» ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

Այս տարվա առաջին կիսամյակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է վարքագծի կանոնների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա իրականացված ուսումնասիրությունները: Ինը ուսումնասիրությունից երեքը վերաբերում են վարչապետին:

«Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ». - նախկին երեք նախագահներին ուղղված Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունների վերաբերյալ հանձնաժողովն առհասարակ վարույթ չի հարուցել: Բացատրել են, թե այդպես խոսելով Փաշինյանը ցանկացել է ընդգծել, որ նախկին նախագահների հետ բանավիճելիս ջախջախիչ հաղթանակ կտանի:

Վարչապետի՝ եկեղեցականների վերաբերյալ գրառումների ու պնդումների առնչությամբ վարույթ հարուցվել է: Այն այժմ քննության փուլում է:

«Ասում են՝ վարչապետը ասել ա «դոմփել»: Կներեք, հիմա տենց ցնցվեցի՞ք էդ բառից», - մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Հանձնաժողովի մյուս վեց ուսումնասիրություններից միայն մեկն է վերաբերում ընդդիմության ներկայացուցչի, մյուս հինգը առնչվում են իշխանական տարբեր պաշտոնյաների, մասնավորապես՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, քաղաքապետ Տիգրան Ավինյանին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանին:

«Օրինակ՝ Տարոն Չախոյանի վարքագիծը, օգտագործած բառապաշարը, Գևորգ Պապոյանի օգտագործած բառապաշարը, վարքագիծը ընդդիմախոսների նկատմամբ խիստ անընդունելի են, խիստ դատապարտելի են, բայց շատ տարակուսելի է, երբ որ այդ հանգամանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որևէ կերպ չի դիտարկում որպես պարսավելի երևույթ: Եվ ստեղ է մեր ողբերգությունը, որ մենք արձանագրում ենք, որ Հայաստանում չկա այդպիսի կառույց, որը անկախ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, բոլորը դարձել են գրպանային կառույցներ՝ անկախ իրենց ձևից, բովանդակությունից, սահմանադրական անկախությունից», - ասաց Թագուհի Թովմասյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է՝ բարձրաստիճան այս պաշտոնյաները վարքականոնի խախտում թույլ չեն տվել՝ մի դեպքում լրագրողներին ամոթանք տալով, մյուս դեպքում՝ ընդդիմախոսներին շների հետ համեմատելով, մեկ այլ դեպքում էլ՝ «փափախով քուրդ», «տավարապետ» և այլ արտահայտություններ կիրառելով:

«Այս հանձնաժողովը սկսեց գլխատվել այն ժամանակվանից, երբ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը համարձակվեց որևէ կերպ վարույթներ սկսել հարուցել ՔՊ-ականների նկատմամբ, կհիշեք՝ Արսեն Թորոսյան և այլն, և այդ հանդգնությունը Հայկուհի Հարությունյանին չներվեց, ժամկետը ավարտվեց, և նրան խայտառակ կերպով չվերընտրեցին ու անարգանքի սյունին գամեցին: Եվ դրանից հետո ակնկալել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կգործի քաղաքականապես անկախ, ուղղակի միամտություն է, և ես դրա համար չեմ հավատում, որ նրանք չունեն քաղաքական կաշկանդվածություն», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Վարույթ հարուցվել է միայն Թալինի ՔՊ-ական համայքապետ Տավրոս Սափեյանի ասածների առնչությամբ: Սափեյանը մոտ մեկ ամիս առաջ լրատվամիջոցներին հետ զրույցում խոստովանել էր, որ իր տեղակալը «մի ճլոտի է տվել քաղաքացուն»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG