Մատչելիության հղումներ

Կոպիրկինը շուտով կվերադառնա Երևան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա․ Գալուզին


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Ռուսաստանը չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ նշելով, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան, իսկ Երևանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։

«Դեսպանին խորհրդակցության կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում էլ Կոպիրկինը խորհրդակցության է կանչվել։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք և ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները», - ասել է փոխարտգործնախարարը՝ շեշտելով՝ դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել։

«Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ», - եզրափակել է Գալուզինը։

Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների էր կանչվել Մոսկվա մայիսի 24-ին։ Ռուսական կողմը այլ մանրամասներ չէր հաղորդել։

Հայաստանի արտգործնախարարությունից ավելի ուշ միայն ասել էին, որ դա ռուսական կողմի որոշումն է։

Վերջին ամիսներին հայ-ռուսական հեռակա բանավեճը ՀԱՊԿ-ի շուրջ էր։

«Ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստության», - Ազգային ժողովի ամբիոնից ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա այս հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

«Այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետություն անկախ պետության չգոյությունը», - արձագանքել էր Հայաստանի գործադիրի ղեկավարը։ Ի պատասխան՝ Մոսկվան հորդորել էր Երևանին այդ երկու երկրի անունը հստակ հնչեցնել։ Երևանից դեռ պատասխան չի եղել։

Հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին լարվել առավելապես վերջին երկու տարիներին, երբ Հայաստանը սեպտեմբերյան դեպքերից հետո դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ու այդպես էլ չստացավ ակնկալվող օգնությունը։ Չնայած Երևանի հետևողական պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG