Մատչելիության հղումներ

Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները մի քանի ժամով արգելել են թռիչքները՝ օդային տարածքում ԱԹՍ-ի պատճառով


Կոպենհագենի օդանավակայանի տարածք, Դանիա, 23-ը սեպտեմբերի, 2025թ.
Կոպենհագենի օդանավակայանի տարածք, Դանիա, 23-ը սեպտեմբերի, 2025թ.

Դանիայի և Նորվեգիայի մայրաքաղաքների օդանավակայաններն այս գիշեր մի քանի ժամով արգելել են թռիչքները՝ իրենց օդային տարածքում անծանոթ անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու պատճառով։

Դանիայի ոստիկանությանն առայժմ չի հաջողվել պարզել՝ քանի ու ինչ տեսակի անօդաչուներ են պտտվել Կոպենհագենի օդանավակայանի երկնքում, ոչ էլ որևէ կասկածյալ կա։

Իրավապահները միաժամանակ հայտնում են, թե հնարավոր է՝ հմուտ մեկը փորձել է իր ունակություններն ի ցույց դնել ու պարծենալ, չեն բացառում, որ միջադեպի հետևում Ռուսաստանն է կանգնած։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը տեղական լրատվամիջոցին տված հարցազրույցում նույնպես չի բացառել, որ անօդաչուները ռուսական ծագում ունեն:

«Ես չեմ կարող բացառել, որ Ռուսաստանն է, դրոններ տեսանք Լեհաստանի տարածքում, որոնք այնտեղ չպետք է լինեին, տեսանք ակտիվություն Ռումինիայում, ականատես եղանք Էստոնիայի օդային տարածքի խախտմանը, եվրոպական օդանավակայանների դեմ հաքերային հարձակումներին։ Ես միայն կարող եմ ասել, որ սա լուրջ հարձակում է Դանիայի կրիտիկական ենթակառուցվածքի վրա», - ասել է նա:

Ուկրաինայի նախագահն առանց մանրամասներ հայտնելու սոցցանցում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտման մասին է գրել՝ մատնանշելով Կոպենհագենում տեղի ունեցածը։

Միջադեպը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև հերթական լարվածության ֆոնին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, թե հեռախոսազրույց է ունեցել Դանիայի վարչապետի հետ, սակայն գնահատական տալու համար դեռ վաղ է։

Նախորդ ուրբաթ Էստոնիան հայտարարեց, թե ռուսական երեք կործանիչներ՝ ՄԻԳ 31-երը խախտել են իր օդային տարածքը, 12 րոպե մնացել Էստոնիայի երկնքում: Տալլինը սա աննախադեպ ոտնձգություն էր որակել։ Այս ամիս ավելի վաղ էլ ռուսական անօդաչուները Լեհաստան էին մտել, Վարշավան գործի էր դրել հակաօդային պաշտպանությունը։

Էստոնիայի հրավերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս հարցով երեկ նիստ անցկացրեց, Լեհաստանի արտգործնախարարը դիմեց Կրեմլին․ «Եթե ևս մեկ հրթիռ կամ ինքնաթիռ առանց թույլտվության մեր տարածք մտնի, դիտմամբ կամ սխալմամբ ու խոցվի, չգաք այստեղ ու բողոքեք»:

Տալլինի հրավերով այսօր էլ ՆԱՏՕ-ն է նիստ անցկացրել ու հայտարարել՝ Էստոնիայի օդային տարածք ներխուժումը Ռուսաստանի ավելի ու ավելի անպատասխանատու վարքագծի շրջանակում է․ «Ռուսաստանն ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակը սրող այս գործողությունների համար, որոնք կարող են կյանքեր վտանգել։ Դրանք պետք է դադարեցվեն»:

Դաշինքը հայտարարում է՝ կկիրառեն ռազմական և ոչ ռազմական բոլոր գործիքները՝ պաշտպանվելու և սպառնալիքները կանխելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ճեպազրույցի ընթացքում Էստոնիայում տեղի ունեցածի վերաբերյալ նոր մանրամասներ հայտնեց՝ ռուսական կործանիչները տարածքից հեռացրել են ՆԱՏՕ-ի ուղեկցությամբ, քանի որ ուղիղ սպառնալիք չկար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG