Պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հասանելի է լինելու 2025 Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում, «Ազատության» հարց ի պատասխան, այսօր հայտնեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Իշխող խմբակցության պատգամավորը, սակայն չհստակեցրեց, թե կոնկրետ երբ։
«Որպեսզի դա չշահարկվի, ժամկետ չեմ ասի, բայց անպայման 2025 թվականին զեկույցը հասանելի է լինելու ԱԺ լիագումար նիստում», - ասաց Քոչարյանը։
Դեռ անցած տարի Քոչարյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը։ Նաև նշվել էր, որ զեկույցը պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին։ Քոչարյանը նաև տեղեկացրել էր, թե զեկույցին հետևելու են քրեական գործեր: «Դրանք հազարներ են, այո՛, հազարավոր գործեր», - ասել էր հանձնաժողովի նախագահը։
Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն էլ ասել էր, որ պետք է փորձեն այնպես անել, որ զեկույցի այն կարևորագույն հատվածները, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում ու անվտանգային ռիսկեր էլ չեն պարունակում Հայաստանի համար, այդ հատվածներն առնվազն հանրությանը հասանելի լինեն։