«Մարտի 1»-ի գործի վերաբացումից մեկ տարի անց այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Հայաստանի երկրորդ նախագահի ու նրա երեք ենթակաների նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները՝ փաստացի թույլ տալով հանրային մեղադրողին փոխել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը:
«Նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը պետք է տրվի դատավարության մասնակիցներին, դատարանին: Թե ինչ իրավական գնահատական է վարույթի հանրային մասնակիցը ներկայացրել, դա ավելի քան մեկ տարի վարույթի մասնավոր մասնակիցներին հասանելի է, իսկ փաստական նկարագրությունը՝ դեռևս 2018 թվականից դուք գիտեք, թե ինչ փաստական նկարագիր է առկա մեղադրանքի որոշման մեջ», - հայտարարեց դատավորը:
Դատախազը մեկ տարի առաջ միջնորդել էր 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով նոր՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով մեղադրանքներ ներկայացնել Քոչարյանին ու մյուսներին. այս միջնորդությունը տևական ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանի սեղանին էր:
Այսօր՝ նախքան դատավորի որոշումը, երկրորդ նախագահը հայտարարեց, որ նոր մեղադրականում Սահմանադրությանը հակասող դրույթներ կան, և եթե դատական նիստն այս տրամաբանությամբ շարունակվի, ամբողջությամբ աբսուրդի կվերածվի. - «Սահմանադրությանը հակասող բաներ է գրած՝ առերևույթ, էն գլխից»:
Տասը մարդու կյանք խլած 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով Քոչարյանն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները չորս տարի առաջ արդարացվեցին: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով երեք տարի դատվում էին նախկին նախագահը, 2008-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:
Այդ հիմքով դատական առաջին ատյանն արդարացրեց բոլոր չորս մեղադրյալներին, մինչդեռ վերին՝ վճռաբեկ ատյանը բեկանեց և գործն ուղարկեց նոր քննության:
Եթե նախկինում Ռոբերտ Քոչարյանը և նրա ենթակաները մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, ապա այժմ արդեն՝ իշխանական լիազորություններն անցնելու հոդվածով, որը մինչև տասը տարվա ազատազրկում է նախատեսում։ Քոչարյանը մեղադրական եզրակացությունը քաղաքական է որակում։ Նախկին նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե իր համար այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ են իրենից ուզում արդեն 7 տարի:
«Գիտեմ՝ որտեղ է այս մեղադրականը գրվել, հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակը այս մեղադրանքի, բայց ինքը ստորագրելով՝ որդեգրել է, այսպես ասենք, այն մի շարք աբսուրդային կետեր, որոնք այստեղ կան: Հիմա, դատարանը եթե թույլ է տալիս, ուրեմն՝ դատարանը ևս իր կողմից որդեգրելու է այն ամենը, ինչ ստեղ գրած է», - պնդել էր Ռոբերտ Քոչարյանը:
Իսկ իրավապահները Քոչարյանին ու մյուս նախկին բարձրաստիճաններին մեղադրում են 2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ անօրինական գործողություններ ձեռնարկելու համար: Մասնավորապես՝ որ Քոչարյանի ստորագրած 0038 հրամանով Զինված ուժերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից, տեղակայվել էին Երևանում, բանակը բերվել էր մարտական ռեժիմի, ապօրինի արտակարգ դրություն էր հաստատվել, որը վերածվել էր ռազմական դրության, հավաքները զենքի կիրառմամբ ցրվել էին, տասը մարդ զոհվել էր:
«Հիմա ներկայացրել են մի մեղադրանք, որի մեջ, օրինակ, ինձ լիազորություններ են իմ վրա, սենց, իմ հետ կապել, որոնք ես չունեի, կամ գործողություններ, որոնք ընդհանրապես չեմ արել, կամ փաստեր, որոնք իրականության հետ կապ չունեն՝ նույն Արցախի հանրապետության Պաշտպանական բանակը, և այլն, և այլն, և ոչ ոք չի առարկում, և սա փաստեր են, կամ իշխանության փոխանցում, և այլն, և այլն», - հայտարարել էր երկրորդ նախագահը:
Քոչարյանը պնդում է՝ իրեն մեղադրում են իր պարտականությունները կատարելու՝ պետական համակարգը պաշտպանելու համար:
Այսօրվա նիստին Արմեն Գևորգյանն ու Սեյրան Օհանյանը դատարանին նաև հիշեցրեցին, որ իրենք այժմ Ազգային ժողովի պատգամավոր են և ունեն անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքներ: Դատավոր Սարգիս Պետրոսյանը նշեց, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է 2018 թվականին, երբ դեռ պատգամավոր չէին. - «Հարուցած քրեական հետապնդումը շարունակական դեռևս գործում է, քանի որ չկա վերջնական օրինական ուժի մեջ մտած որոշում»:
Ի դեպ, այս նոր հոդվածով արդեն անցել են վաղեմության ժամկետները. սա նշանակում է, որ եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանք չեն ազատազրկվի։