Վայքում քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթը սկսեց արտաքին քաղաքականության ռիսկերից, պնդելով՝ այս իշխանությունն անում է ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար:
«Ես Ագնեսայից [ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. - խմբ.] իմացա, որ կաշառել եմ ռուսներին», - ասաց Քոչարյանը:
«Ռուսներն ասում են՝ «խելքներդ հավաքեք»: Ռուսաստանի կոշտ արձագանքից հետո թվում էր, թե պետք է վերանայեն։ Չես կարող երկու աթոռի վրա նստել: Լավ, Զելենսկին պատրադիր պետք էր գար և Հայաստանի Հանրապետությունից այդպիսի հայտարարություններ անե՞ր Ռուսաստանի վերաբերյալ, սա այդպիսի մեծ անհրաժեշտությո՞ւն էր Հայաստանի համար», - նշեց Հայաստանի երկրորդ նախագահը՝ հավելելով. - «Դե ձեր լոլիկը տարեք Լիտվային վաճառեք»:
«Հիմա էլ պարզվում է, որ ոչ թե իրենք են բզում, բզում ռուսներին, այլ ընդդիմությունն է մեղավոր», - ասաց Քոչարյանը:
«Դու տանում ես արտաքին քաղաքականություն, որը դեմ է քո տնտեսական շահերին: Կուրսը պետք է փոխվի: Էս մարդիկ պետք է փոխվեն, որ այս պրոբլեմներից ազատվենք», - պնդեց նախկին նախագահը:
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատական հայտարարություններ են հնչում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
ՀՀ իշխանությունները, այդուհանդերձ, վստահ են, որ Մոսկվան կտրուկ գործողությունների չի գնա: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, մասնավորապես, պնդել էր, թե հայ-ռուսական կոնֆլիկտը հրահրում են ռուսամետ ընդդիմադիր առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով Տիգրանաշենի ճակատագրին՝ Քոչարյանն այսօր հայտարարեց. - «Մենք զիջելու տեղ էլ չունենք»:
«Իրենք Կիրանցում բավականին մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին, ընդամենը 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը: Չեն եղել փաստաթղթեր, որոնցով պետք է դելիմիտացիան անես, բայց այնտեղ հողերը հանձնել են ու հայտարարել են, որ արդեն դելիմիտացիան արել են: Սա ևս մեկ քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շալակել է», - ասաց Քոչարյանը:
Դահլիճից հարց էր հնչել՝ հունիսի 8-ին ի՞նչ է լինելու Տիգրանաշենի հետ: «Չի կարող Տիգրանաշենը լինի ադրբեջանցիները», - արձագանքեց երկրորդ նախագահը:
Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. - «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի... սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ... կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։
Ընդդիմությունը պնդում է՝ անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, զրոյական կետից չեն սկսելու: Վերջերս վարչապետ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ խաղաղությունը վերաբանակցելու դեպքում պատերազմն անխուսափելի է:
«Ազատության» դիտարկմանը՝ այդ դեպքում, եթե Քոչարյանը զրոյական կետից չի սկսելու գործընթացը, ինչպե՞ս է վարվելու խաղաղության փաստաթղթի հետ, երկրորդ նախագահն արձագանքեց. «Մենք ասել ենք, որ սխալ է արել, որ այս վիճակում ստորագել է, բաց այնուամենայնիվ մենք պետք է համալրենք առնվազն 1-2 հավելվածով՝ երաշխիքային համակարգը ձևավորելու մասին: Չի կարող լինել խաղաղության պայմանագիր՝ առանց երաշխիքի: Ի՞նչ ենք մտածում այդ ուղղությամբ, առաջինը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն, հստակ ձևակերպված՝ ինչ հետևանքներ են լինելու խախտողի համար: Վա՞տ բան է: Ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը չհետապնդի այս նպատակը, չեմ հասկանում: Երկրորդը՝ երաշխավորող պետություններ. ես համարում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ լինի և՛ Միացյալ Նահանգները, և՛ լինի Ռուսաստանը: Դա կբալանսավորի շահերը: Շատ լավ կլինի, որ Եվրամիության ինչ-որ պետություն մասնակցի, իդեալական կլինի՝ Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ: Համարում եմ իրատեսական»: