Մատչելիության հղումներ

Քոչարի տունը կռիվ է ընկել. որդին անհետացած գործերի մասին է ահազանգում


Ռուբեն Քոչարն ասուլիսի ժամանակ, Երևան, 20-ը նոյեմբերի, 2024թ.
Ռուբեն Քոչարն ասուլիսի ժամանակ, Երևան, 20-ը նոյեմբերի, 2024թ.

Քանդակի ու գեղանկարչության հայ երևելիներից Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարն ահազանգում է՝ հոր թանգարանից անհետացել են 7 գործեր՝ մոտ կես միլիոն դոլարի արժողության։ Մեկ տարի է՝ քրեական գործ կա, բայց՝ ոչ մի օգուտ․ փաստաբանի հետ այսօր ասուլիս էին հրավիրել։

«Զոհվում է էդ գործը, ոչինչ չի կատարվում․ 8 ամիս, ավել՝ 9 ամիս քննիչը մի ստուգում անգամ չի կարող նշանակել թանգարանում»,-հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Քննչական կոմիտեից ասում են՝ գործ, այո, կա՝ ծառայողական լիազորություններն օգտագործելով վստահված գույքը հափշտակելու հոդվածով։ Նախաքննություն են անում։

«Սառեցնելով գործը՝ Քննչականն ի՞նչ է ուզում ասել՝ «գնացեք, ձեր հարցերը տնավարի լուծե՞ք», - հարց է բարձրացնում Քոչարի որդին։

«Տնավարի»-ն պատահական չէր․ Քոչարի թանգարանում երկար տարիներ տնօրեն էր Քոչարի հարսը՝ Հայկազ Քոչարի կինը։ Հիմա հարսը ֆոնդապահ է, դուստրը՝ տնօրեն․ Քոչարի կրտսեր որդին՝ Ռուբենը, նրանց է մեղադրում հոր գործերն աջուձախ անելու համար։

Ըստ Ռուբեն Քոչարի, թանգարանի հիմնադիրը՝ իր մայրը, Երվանդ Քոչարի նկարները երկու որդիների միջև է բաժանել։ Ինքն էլ իր բաժին 21 գործերը՝ գեղանկարներ, արձաններ ու գրաֆիկաներ, հավաստագրով թանգարանին է հանձնել։ Փաստաբան Աթանեսյանն այսօրվա ասուլիսում դա հավաստող փաստաթուղթը ցույց տվեց, որով թանգարանը պարտավորվել էր պահանջի դեպքում դրանք վերադարձնել։

Ռուբեն Քոչարը պնդում է՝ ցանկացել է արտերկրում ցուցադրել իրեն պատկանող գործերը և պարզել է, որ դրանցից 7-ը թանգարանում չեն։ Որտե՞ղ են՝ թանգարանը ղեկավարող եղբոր դուստրն ու կինը չեն ասել։

«Ռուբեն Քոչարն այստեղ չունի որևէ գործ, որ միայն իրենը լինի», - հորեղբորը հակադարձում է Կարինե Քոչարը՝ թանգարանի տնօրենը, մանրամասնելով. - «Ինչ որ կա թանգարանում՝ երկու եղբայրներինն է՝ հավասար իրավունքներով»։

Թանգարանի տնօրենը պնդում է, որ հորեղբոր ու նրա փաստաբանի վկայաբերած հավաստագիրն ուղղակի ցուցակ է, թեպետ թղթի վերևում կարդում ենք՝ «Ռուբեն Քոչարը թանգարանին ժամանակավոր ցուցադրության է տրամադրում իր սեփականությունը հանդիսացող գործերը»։ Կարինե Քոչարը վստահեցնում է՝ ոչ, երկու եղբայրներն են այդ աշխատանքների տերերը՝ հավասարության սկզբունքով։

Ասում է՝ հավասար, միաժամանակ նշում, այդ ցանկից դեռ 90-ականներին 7 գործ հանձնվել է իր հորը․ հենց այդ 7-ն էլ այժմ չկա։ Պարզաբանեց՝ 5-ը վաճառել են, 2-ը՝ նվիրել․ մեկը՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։

Կարինե Քոչարը շեշտում է՝ մինչև իր հոր մահը եղբայրների միջև այդ հարցով վեճ-բողոք չի եղել, «ամեն ինչ փոխհամաձայնեցված էր»։

Կրքերը դեռ չեն հանգստանա՝ թանգարանում կախված «Էքստազ», «Պատերազմի արհավիրքը» մեծագույն աշխատանքները նույնպես Ռուբեն Քոչարի ցուցակում են՝ այն գործերի շարքում, որ նա փորձում է ետ ստանալ։

Այս տարի Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակն է։ Հոբելյանական ցուցադրություններ կան Պատկերասրահում, թանգարանում, նաև Փարիզում է պլանավորվում։

Ժառանգության բաժանման շուրջ այս սկանդալը ստվերում է այդ ամենը, անհանգստանում են թանգարանում, իսկ Ռուբեն Քոչարը փաստաբանի հետ նաև պետական վերահսկողական ծառայություն է դիմել, որ ստուգումներ սկսեն Քոչարի թանգարանում։ Կրտսեր որդին չի մոռանում՝ մայրիկն այնքան հավասար ու գեղեցիկ էր բաժանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG