Մատչելիության հղումներ

Քննիչը խոստովանել է՝ չի հարցաքննում մարդկանց, որ հնարավոր է Սամվել Կարապետյանի օգտին ցուցմունք տան. պաշտպան


Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի ասուլիսը, Երևան, 15-ը նոյեմբերի, 2025թ.
Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի ասուլիսը, Երևան, 15-ը նոյեմբերի, 2025թ.

«Եթե ունես մի հատ կոչի դրվագ, որը ինքնին աբսուրդ է, ամեն գնով ստացել ես հինգ ամիս կալանք, տնտեսական բնույթի մեղադրանքներ ունես, որոնք հիմնավոր կասկածի շեմ չեն հաղթահարել, հիմա ի՞նչ պետք է անես», - հարց է տալիս գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբից Արամ Վարդևանյանը:

Վճռաբեկ դատարանն աննախադեպ արագությամբ՝ 20 օրվա ընթացքում քննել ու որոշել է, որ Կարապետյանին տնտեսական մեղադրանքի հիմքով կալանավորելու հիմնավոր կասկած կա: Ըստ պաշտպանական խմբի՝ որոշումն անմիջապես փոխանցել են քննիչին, որ նա էլ գործարարի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ հասցնի դատարան դիմել: Բայց դատական բարձրագույն ատյանը պաշտպանական կողմին որոշման մասին չի էլ տեղեկացրել:

«Հասկանո՞ւմ եք՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ՝ սահմանադրական մարմին, արդարադատության տեսանկյունից բարձրագույն ատյան, որին կարողանում են փաստացի օգտագործել միջնորդություն ներկայացնելու նպատակով», - ընդգծեց Վարդևանյանը:

Ըստ փաստաբանի՝ պաշտպանական խումբը Վճռաբեկի որոշման մասին տեղեկացել է պատահմամբ, հայտնաբերել է քննիչի միջնորդության էջերում. - «Այդ նյութերը նայելուց, նայելուց մեկ էլ հասնում ենք վերջին հատորին, մեկ էլ տենանք՝ վայ, Վճռաբեկ դատարանի որոշում»:

«Ես խորը մտավախություն ունեմ, և տա Աստված, որ էդ մտավախությունը երբևէ չհաստատվի, որ էս որոշումը չի գրվել Վճռաբեկ դատարանում, Վճռաբեկ դատարանի դատավորները 14-հատորանոց գործի նյութերին, չգիտեմ էն ժամանակ քանի հատոր էր, չեն էլ ծանոթացել», - իր հերթին, ասաց փաստաբան Արշակ Վարդանյանը, որ նախկին դատավոր է:

Փողերի լվացման մեղադրանքի առնչությամբ թե՛ առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարանները որոշել են, որ Սամվել Կարապետյանի մասնակցության վերաբերյալ հիմնավոր կասկած չկա: Վարդանյանն ասում է՝ դատարան ներկայացված նյութերում չկա որևէ ողջամիտ տվյալ, որ Կարապետյանը կազմակերպչական գործառույթ ունենա:

«Ինչ է ստացվում. այսինքն՝ ցանկացած հանցանքի համար մեկ ուրիշ անձի կարելի է դիտարկել որպես կազմակերպիչ, մեղադրանքի որոշման մեջ նշել կազմակերպիչ բառը՝ առանց մեղադրանքի փաստական նկարագրությունը նշելու, զուտ կազմակերպչի մասով եմ ասում, և էդ մարդուն պահել տևական ժամանակ արգելանքի տակ, կալանքի տակ մինչև նախաքննության ավարտը կամ, չգիտեմ, մեղադրական վերդիկտ կայացնելը, կամ արդարացման վերդիկտ կայացնելը», - ընդգծեց Արշակ Վարդանյանը:

«Տաշիր գրուպ»-ի սեփականատերն ազատությունից զրկվեց հինգ ամիս առաջ, եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց: Վարչապետ Փաշինյանն անմիջապես արձագանքեց նրա մեկնաբանությանը՝ հրապարակային սպառնալով ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին, ու նույն օրը ոստիկանների շղթայեցին գործարարի առանձնատունը: Հետո էլ նրան ձերբակալեցին, կալանավորեցին ու ավելացրեցին փողերի լվացման մեղադրանքները:

«Այն, որ այս գործում քաղաքական հետապնդման բաղադրիչը անհերքելի է, անվիճելի է», - հայտարարեց Արամ Վարդևանյանը:

Կարապետյանի գործը նրա պաշտպանական խումբը որակում է անձնական վրեժխնդրություն: 53 քննիչից բաղկացած խումբը մինչև հիմա առերեսում էլ չի կազմակերպել, երբ փաստաբանները 20 միջնորդություն են ներկայացրել:

«Ոչ մի նման գործողություն՝ առերեսում և այլն, չի կատարվել», - նշեց Վարդևանյանը:

Պաշտպանական խումբը պնդում է՝ գործարար Կարապետյանին ազատությունից զրկել են քաղաքական պատճառներով՝ վարչապետ Փաշինյանի ցուցումով: Պաշտպաններն այսօր հայտարարեցին, թե քննիչները բացահայտ խոստովանում են՝ չեն հարցաքննում վկաներին, որոնք հնարավոր է Կարապետյանի օգտին խոսեն, դատարանում էլ նրա օգտին նյութերը չեն ներկայացրել;

«Երբ որ ես հարց հնչեցրեցի՝ «այ, կարա՞ք պատասխանել՝ ի՞նչն է պատճառը, որ էս անձին չեք հարցաքննել և հիմք եք ստեղծել կալանքի ժամկետը երկարացնելու», քննիչը բարձրացավ և հայտնեց՝ «քանի որ այդ անձը ձեր օգտին է ցուցմունք տալու», - ասաց փաստաբան Լիաննա Գասպարյանը:

«Քննիչը պարտավոր է հավաքել ինչպես մեղադրական բնույթի ապացույցներ, այնպես էլ էդ անձի անմեղությունը հիմնավորող ապացույցներ, և էդ իր հավաքած ապացույցների փաթեթը, եթե կալանք է ներկայացնում, կալանքի ժամանակ ներկայացնի դատարանին, որ դատարանը կարողանա կողմնորոշվել՝ էս մարդուն կալանավորո՞ւմ է, թե՞ չէ: Բայց հիմի մենք էստեղ ունենք իրավիճակ, որ քննիչը իր բերանով ասում է, որ «ես էդ մարդկանց չեմ քննում, քանի որ ձեր օգտին էին ցուցմունք տալու», - իր հերթին, շեշտեց փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Որ գործը քաղաքական է, ու Կարապետյանի մասին վարչապետի հայտնի գրառումները ցուցումներ են իրավապահներին, համաձայն չէ Քննչականի ղեկավարը:

«Դա որևիցե կերպ միջամտություն համարել չի... անհնար է», - հայտարարել է Արթուր Պողոսյանը:

Forbes-ի ցանկով միլիարդատեր Կարապետյանը ազատությունից զրկվելուց հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվացավ: Ազգային անվտանգության ծառայության նկուղից հայտնեց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտադրության մասին: Կարապետյանը շարժում է ստեղծել, հունվարից կուսակցություն կունենան ու կմասնակցեն 2026-ի համապետական ընտրություններին:

Հնարավո՞ր է՝ Կարապետյանի կալանքը ընտրություններից մեկուսացնելու նկատառումներով են երկարաձգում. գործարարի եղբորորդին, որ համակարգում է նրա հիմնադրած շարժումը, համոզված է՝ այդ հաշվարկներով էլ նրան պահում են բանտում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG