Մատչելիության հղումներ

Քննչականից հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը վերցվել է, կան ձերբակալվածներ


Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է Քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, ինչպես նաև մեխանիզմն ու գումարի պահման վայրերը:

Ըստ իրավապահ կառույցի՝ հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, տվել խոստովանական ցուցմունքներ, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590 հազար դոլար գումարի մեծ մասը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11 հազար 200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ ձերբակալվածի մասին, ըստ մամուլի՝ նա Քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն է: Նրա անունն է տվել շենքում հայտնված անծանոթը, երբ քննիչները նկատել են նրան, հարցրել՝ ո՞վ է, ի՞նչ գործ ունի տարածքում: Պարզ չէ Թադևոսյանի դերակատարությունը այս պատմության մեջ:

Հակակոռուպցիոն կոմիտեից խոստացել են ավելի ուշ մանրամասներ ներկայացնել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG