Մատչելիության հղումներ

Կմասնակցի՞ Վեհափառը վրաց Պատրիարքի հուղարկավորությանը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդ

Կկարողանա՞ Ամենայն Հայոց կաթողիկոսը հատել Հայաստանի սահմանն ու Թբիլիսիի Սիոնի տաճարում մասնակցել Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը: Հարցն այն է, որ Գարեգին Երկրորդը արդեն մեկ ամիս է մեղադրյալի կարգավիճակ ունի՝ երկրից բացակայելու արգելքով:

Մայր Աթոռից պարզաբանում են՝ Հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը դեռ հստակ չէ. - «Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք երջանկահիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել։ Երբ այն լինի, արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց Ուղղափառ Եկեղեցու սահմանած արարողակարգով»։

Պատրիարքարանն արդեն հրավերներ է ուղարկել, այսօր լրատվամիջոցներին հայտնել է Ախալքալաքի, Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին: Նա ասել է նաև, որ Ամենայն Հայոց կաթողիկասն ուզում է գալ, մտերիմ, պատմական հարաբերություններ ունեին վրաց Պատրիարքի հետ: «Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան, կգա», - ասել է վրացի բարձրաստիճան հոգևորականը:

Իլիա Երկրորդին կհուղարկավորեն կիրակի օրը՝ մարտի 22-ին: Մայր Աթոռի փաստաբաններից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ եթե Վեհափառը որոշի մասնակցել, միջնորդություն պիտի ներկայացնեն դատարան, որպեսզի նրա բացակայելու արգելք խափանման միջոցը կա՛մ վերացվի, կա՛մ փոփոխվի: Այսպիսով, դատարանը կորոշի՝ Վեհափառը հարևան բարեկամական երկրի ամենահեղինակավոր դեմքի՝ Պատրիարքի հուղարկավորությանը կկարողանա՞ մասնակցել, թե ո՞չ:

Այս թեմայով հարց այսօր լրագրողները նաև Հայաստանի վարչապետին են ուղղել:

«Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով, և ... այսինքն, ցավոք, ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ, և մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք», - հարցին արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք» բառից հասկանում ենք, որ Փաշինյանը չի մեկնելու Վրաստան, նա արդեն զրուցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ` փոխանցել ցավակցությունը: Իսկ Վեհափա՞ռը: Փաշինյանը հարցը փակել է ավանդական դարձած եղանակով. - «Ես Գարեգին, ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես Կաթողիկոս»:

Գարեգին Երկրորդը երեկ է «վրաց սգակիր բարեկամ ժողովրդին» ցավակցագիր ուղարկել: «Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ», - գրել է Վեհափառը:

«Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ Պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը», - ասված է Մայր Աթոռի ցավակցականում:

Վրաց Պատրիարքը վախճանվեց 93 տարեկանում, նա կես դար պատրիարքական գահին էր: Հաղթահարել է այդ երկրի պատմական մի շարք փուլեր ու պահպանել հեղինակությունը: ժամանակ առ ժամանակ նրան մեղքեր են վերագրվել՝ ռուսական ագենտ լինելուց մինչև սեռական կողմնորոշման վերաբերյալ հարցադրումներ, Վրաց եկեղեցին նույնպես բարեփոխիչների ակտիվ փուլով է անցել, այս ամենից, սակայն, վրաց Պատրիարքի ազդեցությոնը, հեղինակությունը չի սասանվել : Այսօր նրան հրաժեշտ են տալիս ցավով.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Պատրիարքին ամեն ինչի համար՝ նրա տոկունության, անքուն գիշերների, սիրո և անձնազոհության համար, նա մեզ համար օրինակ էր», - ասում է Թբիլիսում «Ազատության» զրուցակիցներից մեկը:

«Մեր ազգը կորցրել է հոգևոր հորը։ Սա շատ մեծ կորուստ է մեր երկրի համար։ Չգիտեմ, հավանաբար Տերը մեզ ճանապարհը ցույց կտա», - ասում է մյուսը:

Բազմամարդ է հրաժեշտի արարողությունը, իսկ հուղարկավորության օրվան ընդառաջ Վրաստանի իշխանությունները Թբիլիսիի քաղաքային տրանսպորտը անվճար են դարձնում, շրջաններից եկողներին՝ նույնպես անվճար տրանսպորտ: Իլիա Երկրորդն ինքը ավելի քան 50 հազար սանիկ ունի, 2008-ին խոստացավ մկրտել ընտանիքների ամեն երրորդ երեխային, ու սկսեցին ավելի շատ երեխաներ ծնվել Վրաստանում:

Իսկ ո՞վ կլինի Վրաստանի նոր Պատրիարքը: Իլիա Երկրորդի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա պարտականությունների մեծ մասը տեղապահ Շիո Մուջիրին էր իրականացնում, այժմ էլ նա կկառավարի Վրաց ուղղափառ եկեղեցին, մինչև նոր Պատրիարքի ընտրությունները: 40 օրից ոչ շուտ ու երկու ամսից ոչ ուշ Սինոդը կհավաքվի ընտրության օրակարգով: Բարձրաստիճան հոգևորականների շրջանում արդեն իսկ մտահոգություններ կան, որ իշխանությունը պատրաստվում է միջամտել այս ընտրություններին: Նույնիսկ հանգուցյալ Պատրիարքի խոսքերն են վկայակոչում՝ ոչ կառավարությունը, ոչ էլ որևէ մեկը չպետք է խառնվի այս գործին:

XS
SM
MD
LG