«Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: ... Առաջինը դո՛ւ պտի գնաս ու դու կգնա՛ս». - Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս և մի շարք այլ արտահայտությունների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել՝ համարելով, որ երկրի ղեկավարը վարքագծի կանոնների առերևույթ խախտում է թույլ տվել: Հանձնաժողովի ներկայացուցչի փոխանցմամբ՝ վարույթի համար հիմք են ընդունվել լրատվամիջոցների հրապարակումները, թեև ավելի ուշ նույն հարցով նրանց է դիմել նաև ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Պատգամավորի դիմումը ավելի ուշ ամսաթվով է մուտքագրվել հանձնաժողով, քան դեպքը երբ տեղի էր ունեցել, և հրապարակումների արձագանքը կար: Հանձնաժողովը նաև իրավասու է մեդիա հրապարակումների հիմքով վարույթ նախաձեռնել: Տվյալ դեպքում, հաշվի առնելով միջադեպի հետ կապված հրապարակումները մեծ ծավալով, մեդիայի հիման վրա արդեն իսկ հարուցված էր այն փուլում, երբ որ պատգամավորի կողմից դիմումը՝ նույն հիմքով հարուցելու մասին, մուտքագրվել էր», - «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը:
Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանին խորհրդարանում գրանցված աղմկոտ միջադեպի կենտրոնում վարչապետն էր: Իրավիճակը նիստերի դահլիճում լարվել էր, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկածներ պարունակող մամուլի հրապարակումները:
«Դուք էդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկելու: Դա ուղիղ պարզ ասեք», - հայտարարել էր «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը:
«Ինչ ա՞ գրում ձեր մասին մամուլը, գրում ա, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք: Մամուլը ... », - արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բացատրական բառարաններն են թերթել, որպեսզի վարչապետի օգտագործած «նստեք տեղնե՛րդ, ձեններդ կտրե՛ք, վե՛ր ընկեք», «համբալ» արտահայտությունները իմաստաբանական վերլուծության ենթարկեն և պարզեն՝ երկրի ղեկավարը վիրավորե՞լ է քաղաքական ընդդիմախոսներին.
«Կիրառված «նստեք տեղներդ» արտահայտությունը համարժեք է «տեղդ նստիր» դարձվածքին, որը նշանակում է՝ «հանգիստ կաց, դու մի խառնվիր, քո գործը չէ»: Արտահայտությունը ունի խստաբարո և հանդիմանական հնչեղություն: Իրենից ենթադրում է բացասական կամ քննադատական տոնով արված կոչ, որը կարող է ընկալվել որպես վիրավորանք»:
«Ձեններդ կտրեք» արտահայտությունը նույնանում է «ձայնդ կտրիր» արտահայտության հետ և նշանակում է «լռել, լռեցնել, այլևս չխոսել»:
«Վեր ընկնել» դարձվածքն ունի խոսակցական, առավելապես վիրավորական բնույթ, նշանակում է՝ մի տեղ նստել մնալ»:
«Համբալ» բառին անդրադառնալիս, պետք է նկատել, որ բառն իր իմաստով նույնանում է «համալ» բառի հետ, որը բացատրվում է «շալակավոր բեռ տանող մշակ, բեռնակիր»: Ժամանակակից բառարաններում «համբալ» բառը բառիմաստի ընդլայնման արդյունքում ստացել է նաև փոխաբերական իմաստ՝ ընկալվելով որպես բացասական և վիրավորական արտահայտություն»:
Առավելագույնը երեք ամսում հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա: Մինչ այդ կդիմեն նաև միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու: Իսկ ի՞նչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին, եթե պարզվի, որ նա վարքականոնի խախտում է թույլ տվել:
«Օրենքի տեսանկյունից՝ վարքագծի կանոնի խախտման պատասխանատվությունը կարգապահական է, սակայն կարգապահականը քաղաքական պաշտոնյաների նկատմամբ կիրառելի չէ: Բայց նաև հանձնաժողովի մասին օրենքով սահմանվում է, որ հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են, և արդյունքով՝ պաշտոնատար անձը, ում նկատմամբ որ կիրառվել է տվյալ ակտը, ներկայացնում է հրապարակային պարզաբանում, և դա ևս հրապարակման ենթակա է», - ասաց Տիգրանուհի Խալաֆյանը:
«Շատ ավելի ընկալելի կլինի, եթե նա պատրաստի իր հրաժարականի դիմումը և հեռանա». Թովմասյան
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը կարծում է՝ խորհրդարանի դահիլճում Փաշինյանի խոսքերն առավել քան բավարար են, որ հանձնաժողովն արձանագրի՝ վարչապետը պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում թույլ է տվել վարքագծի կանոնների խախտում: Իսկ նման եզրակացության դեպքում, ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանն առնվազն ներողություն պետք է խնդրի քաղաքական ընդդիմախոսներից:
«Իսկ շատ ավելի հետաքրքիր և շատ ավելի ընկալելի կլինի, եթե նա պատրաստի իր հրաժարականի դիմումը և հեռանա: Որովհետև պաշտոնյան, որը իրեն չի կարող դրսևորել Ազգային ժողովում, երկրի օրենսդիր մարմնում, որտեղ հավաքված են քաղաքացիների քվեով ընտրված մարդիկ, ներկայացուցչական մարմնում, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իրեն տիրապետել որևէ այլ ոլորտում», - «Ազատության» հետ զրույցում պնդեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Թովմասյանն այսօր ոչ այնքան վարույթի հարուցումը, որքան դրա վերաբերյալ եզրակացությունը կարևորեց, պահանջում է, որ քննությունը հրապարակային լինի: Պատգամավորը մի դիմում էլ այդ հարցով է ուղարկել հանձնաժողով, առաջարկել է հայտնել նիստի օրը: «Որպեսզի մասնակցեմ, և նաև ես ակնկալում եմ, որ իրապես հրապարակային կլինի և կարող եք նաև դուք մասնակցել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչներ և իրապես լուսաբանել, ու հանձնաժողովի բոլոր ներկայացուցիչների վարքագիծը մենք կկարողանանք արձանագրել», - նշեց Թագուհի Թովմասյանը:
Տիգրանուհի Խալաֆյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստերը հիմնականում հրապարակային են լինում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Թե վարչապետին առնչվող վարույթի քննությունն ինչ ընթացակարգով կլինի, հստակ չկարողացավ ասել:
«Հրապարակային անելու պարագայում այդ մասին կծանուցվեն: Այսինքն, ցանկացած պարագայում հանձնաժողովը նախնական նիստերի վերաբերյալ կայքէջում հրապարակումներ է անում՝ օրակարգը ներկայացնելով», - նշեց Խալաֆյանը:
Հարուցված վարույթի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը ճշտել չհաջողվեց, նրա խոսնակը զանգին չպատասխանեց:
Ի դեպ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անցած տարի մի վարույթ էլ հարուցել էր Երևանի քաղաքապետի՝ «շունը հաչա, քամին փչի» հայտարարության վերաբերյալ, եզրակացնելով, որ Տիգրան Ավինյանը խախտում է թույլ տվել: Քաղաքապետը, սակայն, չէր համաձայնել ինքնավար մարմին համարվող կառույցի գնահատականին և որևէ պարզաբանում չէր ներկայացրել: Պատմությունն այդքանով փակվել էր: