Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան, բայց «պետք է գնահատենք, թե պետական դավաճանության դեպքերը որքանով են ազդել 44-օրյա պատերազմի արդյունքի վրա», Ազգային ժողովում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին
«Ունենք բազմաթիվ քրեական վարույթներ հարուցված՝ տարբեր հանցատեսակներով՝ սկսած անփութություն, պաշտոնեական լիազորություններ անցնել, պաշտոնական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել: Այդ վարույթները հիմնական բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպաներից, վերջացրած զինվորով: Մենք հետևանքի տեսանկյունից յուրաքանչյուր գործողություն գնահատել ենք», - ասաց նա:
Արդեն իսկ բարձրաստիճան սպաների և հրամանատարների կողմից կատարված առերևույթ հանցանքները հաստատվել են, առանց անուններ տալու ասաց իրավապահ կառույցի ղեկավարը: Նրանց գնահատմամբ՝ այդ անգործությունը կամ գործողությունն է բերել հարձակողական, նաև պաշտպանողական քայլերի ձախողման:
Պողոսյանը փակագծեր չբացեց՝ գործերը գաղտնի ռեժիմով են քննվում, բայց վստահացրեց, որ առաջիկայում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կլինեն, հնարավոր կլինի արձանագրել, թե այդ անձանց գործողությունները ինչպես են ազդել պատերազմի ելքի վրա: Օհանյանը նկատեց, որ քրեական վարույթները միայն բանակին են վերաբերում, մինչդեռ պատերազմի արդյունքի համար բոլորն են պատասխանատու:
«Սպայից մինչև զինվոր... այս պետությունը ղեկավար ունի՞, թե՞ չէ, այդ ղեկավարությունն իր դերակատարությունն ունեցե՞լ է, թե՞ չէ: Ռազմաքաղաքական որոշումների, բանակին թիկունք կանգելու, մոբիլիզացիա անելու, ի վերջո տեղի հրամանատարները, ոչ մեկը մեղավոր չի, որ ինչ-որ մի տեղ մխրճում է եղել», - ասաց նախկին պաշտպանության նախարարը:
Պողոսյանը Օհանյանի դիտարկումը քաղաքական հայտարարություն որակեց և առանց անուններ տալու օրինակ բերեց, որ հրամանատարի գործողության հետևանքով է ռազմավարական դիրքը կորցրել հայկական կողմը:
Օհանյանը նկատեց՝ 13 հազար գործի մասին է խոսքը, բայց չկա պատասխան, թե քանիսն են վերաբերում բանակից բացի մյուս ոլորտներին, որոնք իրավական ու քաղաքական պատասխանատվություն են կրում, իսկ պատերազմը քաղաքականության շարունակությունն է:
«Ոչ մեկը բանակի վրա ոչ մի բան չի բարդում, այն ռազմաքաղաքական ղեկավարությունը, փողով գեներալները, այդ թվում նաև Ձեր նախարարության ժամանակ նշանակված, այն թալանչիները, որոնք բանակի հաշվին հարստացել են, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են ՀՀ-ում ռազմարդյունաբերության տոտալ ջախջախման կամ ընդհանրապես չկայացման համար, այդ մարդիկ են այդ մեղավորները, և նրանք, այո, պետք է պատասխանատվության ենթարկվեն», - արձագանքեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Խորհրդարանականների ուշադրության կենտրոնում այսօր դարձյալ միլիարդներ փոշիացրած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը՝ ԱՆԻՖ-ն էր նաև: Ընդդիմադիր Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց՝ հարցաքննվե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չէ՞ որ նա է կառավարության ղեկավարը, իսկ հիմնադրամը կառավարության ներքո է գործել:
Պողոսյանը հայտարարեց՝ վարչապետը չի հարցաքննվել, ընդգծեց՝ դրա համար հիմքեր չկան: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան օրերս ԱԺ ամբիոնից չէր բացառել, որ առաջիկայում ԱՆԻՖ-ի գործով քրեական հետապնդումներ լինեն, բայց մանրամասներ չէր հայտնել:
Առավել մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.