Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ բացահայտել է հունգարական ռազմական հետախուզության գործակալների ցանց, որը լրտեսական գործունեություն էր ծավալում ի վնաս Ուկրաինայի։
Գերատեսչությունը հայտնում է Զակարպատիայում երկու ձերբակալվածի մասին։
Կիևը պնդում է, որ լրտեսական ցանցի նպատակն էր «տեղեկություններ հավաքել Զակարպատյայի շրջանի ռազմական պաշտպանվածության մասին, գտնել շրջանի ցամաքային և օդային պաշտպանության խոցելի կետերը, ինչպես նաև ուսումնասիրել տեղացիների սոցիալ-քաղաքական հայացքները», մասնավորապես, նրանց վարքագծի սցենարները, եթե այդ շրջանի տարածք մտնեն հունգարական զորքերը։
Ուկրաինայի ուժային կառույցը նաև հաղորդում է, որ գործով անցնող երկու անձանցից մեկի համակարգողը հունգարական ռազմական հետախուզության կադրային աշխատակից է, «ում դեմքն արդեն նույնականացվել է»։
Պաշտոնական Բուդապեշտը հարևան երկրի հատուկ ծառայությունների այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել։