Մատչելիության հղումներ

Կիևը հարվածում է ամերիկյան հեռահար հրթիռներով, Մոսկվան՝ սպառնում միջուկայինով


ATACMS և HIMARS համակարգերը, արխիվ
ATACMS և HIMARS համակարգերը, արխիվ

Ուկրաինայի դեմ արդեն 1000-րդ օրը շարունակվող պատերազմում առաջին անգամ Կիևն այսօր հարվածել է Ռուսաստանի տարածքին ամերիկյան հեռահար АТАCMS տիպի բալիստիկ հրթիռներով: Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մանրամասնելով՝ արձակվել է վեց հրթիռ՝ սահմանամերձ Բրյանսկի ուղղությամբ։ Ըստ ռուսական կողմի՝ զոհեր ու վիրավորներ չկան։

«Սա նշանակում է, որ Ուկրաինան գնում է իրավիճակի սրացման», - հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Կիևն այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ Սպիտակ տունը ևս առայժմ պաշտոնապես չի հաստատել լրատվամիջոցներում երեկվանից շրջանառվող հաղորդումները, թե Միացյալ Նահանգների հեռացող նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ամերիկյան հեռահար զենքով հարվածել Ռուսաստանին։ Ուկրաինայից երեկ միայն հարկ էին համարել ընդգծել՝ դա արմատապես կփոխի իրավիճակը արդեն շուրջ երեք տարի շարունակվող պատերազմում։ Այսօր էլ նախագահ Զելենսկին է պատերազմի 1000-րդ օրվա ուղերձում պնդել՝ գալիք տարին ճակատագրական կարող է լինել:

«Վճռորոշ պահերին, որոնք անպայման կլինեն հաջորդ տարի, մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհում որևէ մեկը կասկածի տակ դնի Ուկրաինայի դիմադրողականությունը։ Պատերազմի այս փուլում է որոշվում ով է հաղթելու՝ մե՞նք թշնամուն, թե՞ թշնամին մեզ՝ ուկրաինացիներիս… և եվրոպացիներին ու բոլոր նրանց, որ ցանկանում են ապրել ազատ և ոչ թե ենթարկվել բռնապետին», - հայտարարել է Զելենսկին։

Ռուսաստանի նախագահն էլ, իր հերթին, այսօր ստորագրել է Դաշնության միջուկային ոլորտի նորացված դոկտրինը, որն իրավունք է տալիս Մոսկվային միջուկային զենքով պատասխանել Ռուսաստանի ու Բելառուսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգող ցանկացած հարձակման, անգամ՝ զանգվածային հրթիռակոծության դեպքում։

«Ռուսաստանը միջուկային զենքը միշտ է դիտարկել որպես զսպման միջոց, և հիմա պետք է մեր սկզբունքները համապատասխանեցնենք ներկա իրավիճակին», - ընդգծել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չհերքելով, որ այս քայլն ուղղված է Վաշինգտոնին։

Միջուկային սպառնալիքներին զուգահեռ՝ Մոսկվան շարունակում է հրթիռակոծել ուկրաինական բնակավայրերը․ անցած գիշեր ռուսների թիրախում է եղել Սումիում գտնվող հանրակացարանը․ առնվազն 9 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Այսօր էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, թե նոր բնակավայր են գրավել Դոնեցկի մարզում գտնվող Կուրախովո քաղաքի մերձակայքում, որը ռազմավարական նշանակություն ունի ուկրաինական բանակի մատակարարումների համար։

2022-ի փետրվարից, երբ Պուտինը հրահանգեց լայնածավալ պատերազմ սկսել հարևան պետության դեմ, Ուկրաինայում հազարավոր մարդիկ են զոհվել, ավելի քան 6 միլիոն մարդ դարձել է փախստական, երկրի տարածքի շուրջ 20 տոկոսն այժմ գտնվում է ռուսական օկուպացիայի տակ։

Ռազմական փորձագետները նշում են՝ ամերիկյան հեռահար հրթիռների կիրառումը Ռուսաստանի դեմ կարող է ամրապնդել Ուկրաինայի դիրքերը։ Միաժամանակ, հստակ չէ՝ որքան կկարողանա Կիևն օգտվել այդ հնարավորությունից․ նախագահ Բայդենը հունվարին իշխանությունը կփոխանցի Դոնալդ Թրամփի վարչակազմին, որը կողմ է պատերազմը օր առաջ կանգնեցնելու գաղափարին։

Այս փոփոխությանը պատրաստվելու համար այսօր Եվրոպայի առաջատար երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն են հանդիպել։ Բանակցությունների ավարտին Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է՝ Եվրոպան պատրաստ է Ուկրաինային պաշտպանություն ու ֆինանսական օգնություն տրամադրել, եթե անգամ Վաշինգտոնն իր օգնությունը նվազեցնի։

Մինչ օրս՝ արդեն 33 ամիս շարունակվող պատերազմում Միացյալ Նահանգներն էր առաջատարը Ուկրաինային ֆինանսական ու ռազմական օգնություն տրամադրող երկրների շարքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG