Կիևը պատրաստ է մասնակցել Ստամբուլում հունիսի 2-ին նախատեսված ռուս - ուկրաինական ուղիղ բանակցություններին, սակայն ցանկանում է, որ այդ հանդիպումը լինի կառուցողական, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: Ուստի, ըստ Անդրեյ Երմակի, Մոսկվան պետք է մինչ այդ Կիևին փոխանցի խաղաղության համաձայնագրի հուշագրի տեքստի ռուսական տարբերակը:
Կրեմլի խոսնակն արձագանքել է՝ ասելով, որ ռուսական պատվիրակությունը երկուշաբթի առավոտյան կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինացիներին՝ քննարկելու ժամանակավոր հրադադարի պայմանները և Սև ծովում նավագնացության անվտանգության հետ կապված հարցերը: Եթե բանակցություններն արդյունք տան, միայն դրանից հետո կարող են մտածել նախագահների մակարդակով հանդիպման մասին, ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հուշագրերի բովանդակությունը գաղտնի կմնա:
«Բնականաբար որևէ բան չի հրապարակվի: Հուշագրի ռուսական և ուկրաինական տարբերակները, հուսով ենք, կքննարկվեն բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ, ինչին ռուսական պատվիրակությունը պատրաստ կլինի երկուշաբթի առավոտյան Ստամբուլում», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
The New York Times-ի տվյալներով՝ հուշագրի ուկրաինական տարբերակի կետերից մեկով առաջարկվում է հրադադար հաստատել ցամաքում, ջրում և օդում։ Ընդ որում՝ հրադադարի պահպանումը պետք է վերահսկեն միջազգային գործընկերները։ Reuters-ն էլ երեկ իր աղբյուրներին հղումով գրել էր, թե Պուտինն իրոք պատրաստ է դադարեցնել պատերազմը, սակայն՝ իր պայմաններով. Արևմուտքը նախ պետք է գրավոր պարտավորվի դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ապա վերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը։
Չնայած դեռ հստակ չէ՝ կգնա՞ Ուկրաինան Ստամբուլ, թե՞ ոչ, Թուրքիայի արտգործնախարարը Կիևում ուկրաինացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հույս է հայտնել, որ Ստամբուլում կավարտվի տեխնիկական բանակցությունների մեծ մասը, ինչից հետո Թուրքիան առաջարկում է հյուրընկալել ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպումը: Ավելի ուշ Հաքան Ֆիդանը հեռախոսով Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկել է հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր:
Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը կրկին մեղադրել է Ռուսաստանին՝ ասելով, որ Պուտինը խաբում է բոլորին, և դա է վկայում այն, որ ռուսական կողմը հուշագրի տեքստը դեռ չի փոխանցել ոչ Ուկրաինային, ոչ էլ մյուս գործընկերներին: Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ սա կրկին ապացուցում է, որ Ռուսաստանի հետ պետք է խոսել ուժի լեզվով:
«Սա Ռուսաստանի կողմից ևս մեկ խաբեություն է։ Նրանք ամեն ինչ անում են, որ հանդիպումներն անիմաստ լինեն։ Եվ սա ևս մեկ պատճառ է, թե ինչու պետք է բավարար պատժամիջոցներ կիրառվեն, պատշաճ ճնշում բանեցվի Ռուսաստանի վրա», - հայտարարել է Զելենսկին:
Մինչ Զելենսկին մեղադրում է Ռուսաստանին, Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտնել է, որ Ստամբուլի հանդիպմանը ներկա կլինեն ԱՄՆ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Քիթ Քելլոգը նշել է, թե ԱՄՆ-ը հասկանում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ Ռուսաստանի մտահոգությունը և հիմնավոր է համարում պահանջը, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք՝ հարց, որը պատրաստ են քննարկել:
«Կարծում եմ՝ սա լրիվ հիմնավոր մտահոգություն է։ Մենք բազմիցս ենք ասել, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը մեր օրակարգում չէ: Եվ մենք միակ երկիրը չենք, որ ասում է դա», - ասել է Քելլոգը:
Վերջին օրերին ռուսական հարձակումների պատճառով Ուկրաինան երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: ՄԱԿ-ում Ուկրաինայի փոխդեսպանն ասել է, որ Ուկրաինան ամեն գնով չի գնալու խաղաղության և Ռուսաստանի գրաված տարածքները երբեք չի ճանաչի որպես ռուսական: Քրիստինա Գայովիշինը նաև ասել է, որ Ռուսաստանից չի ստացվում որևէ ազդակ, թե պատրաստ է դադարեցնել պատերազմը:
«Հետևաբար, մենք այլընտրանք չենք տեսնում, բացի միջազգային ճնշումն ուժեղացնելուց՝ քաղաքական, ռազմական և տնտեսական։ Պատժամիջոցները պետք է ընդլայնվեն և ուժեղացվեն», - հայտարարել է ուկրաինացի դիվանագետը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն էլ ասել է, թե ոչ նոր պատժամիջոցները, ոչ էլ Ուկրաինային զենքի մատակարարումները չեն կարող կանխել Ուկրաինայի պարտությունը: Ըստ Վասիլի Նեբենզյայի՝ հիմա Ուկրաինան պետք է որոշի՝ մասնակցե՞լ բանակցություններին, թե՞ ոչ:
«Գնդակը Ուկրաինայի դաշտում է՝ կա՛մ բանակցություններ, որոնց կհաջորդի խաղաղությունը, կա՛մ Ուկրաինայի անխուսափելի պարտությունը մարտադաշտում՝ հակամարտության ավարտի այլ պայմաններով», - պնդել է Նեբենզյան:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար առաջարկվող գործարքը «Ռուսաստանի համար լավագույն հնարավոր արդյունքն է»: Ջոն Քելլին Մոսկվային կոչ է արել համաձայնել դրան, այլապես ԱՄՆ-ը դուրս կգա բանակցային գործընթացից։
«Եթե Ռուսաստանը սխալ որոշում կայացնի և շարունակի այս աղետալի պատերազմը, ԱՄՆ-ը ստիպված կլինի քննարկել ... բանակցային ջանքերից հրաժարվելու հարցը», - նշել է Քելլին:
Ստամբուլում ակնկալվող հանդիպումից առաջ ռուսական զինուժն ուժեղացրել է հարձակումները, է'լ ավելի է մոտեցել Պոկրովսկ քաղաքին, որը ցանկանում է գրավել արդեն մի քանի ամիս: Ռուսական զորքը հարձակում է նախաձեռնել Սումիի ուղղությամբ, անօդաչուներով էլ հարվածել է Օդեսային, Խարկովին, որտեղ կա 9 տուժած: Խարկովում հարձակման է ենթարկվել նաև տրոլեյբուսի պարկը: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում:
Ուկրաինական կողմն էլ անօդաչուներով հարվածել է ռուսական Կուրսկին, Բոլգորոդին, կան տուժածներ, վնասվել են բնակելի տներ: