Մատչելիության հղումներ

Կիևն ու Մոսկվան շոշափում են բանակցությունների հնարավորությունը


Դմիտրի Կուլեբան և Վան Ինը
Դմիտրի Կուլեբան և Վան Ինը

Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների, եթե Ռուսաստանը պատրաստ լինի բարեխղճորեն բանակցել, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայում ռուսական կողմից նման հանձնառություն դեռևս չեն տեսնում։ Կրեմլն արձագանքել է, թե դեմ չէ, բայց հավելյալ մանրամասներ է ակնկալում ուկրաինական կողմից։

Բանակցությունների հնարավորության մասին Կուլեբան խոսել է Չինաստանում․ նա նախօրեին է ժամանել Պեկին, առաջին անգամ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից ի վեր։ Կուլեբայի այս այցը վերլուծաբաններից շատերն անսպասելի են համարում՝ հաշվի առնելով Պեկինի սերտ հարաբերությունները Մոսկվայի հետ։ Պատերազմի մեկնարկից ի վեր Չինաստանն օգնում է Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու, անհրաժեշտ սարքավորումները ստանալու հարցում, մյուս կողմից՝ խուսափում Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից։ Չինաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների երեկվա դեմ առ դեմ հանդիպումը բացառություն էր։

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներից մեկը Reuters-ին ասել է, թե Կուլեբայի և նրա չինացի գործընկեր Վան Ինի երեկվա բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ։

«Պլանավորածից ավելի երկար։ Դա շատ խորը և կոնկրետ քննարկում էր»,- գործակալությանն ասել է ուկրաինական պատվիրակության անդամներից մեկը։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակն էլ այսօր հայտարարել է, թե և՛ Մոսկվայից, և՛ Կիևից բանակցության ազդանշաններ են ստացվում։

«Վերջերս թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերն այս կամ այն չափով, ազդարարել են բանակցելու իրենց պատրաստակամության մասին, և թեև պայմանները դեռ կատարյալ չեն, մենք աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն խաղաղությանը և պատրաստ ենք շարունակել կառուցողական դեր խաղալ՝ հրադադարին վերջ դնելու և խաղաղ բանակցությունները վերսկսելու ջանքերում», - ասել է նա։

Շաբաթներ առաջ Չինաստանը հրաժարվել էր Ուկրաինայի նախաձեռնած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցել, փոխարենը՝ Բրազիլիայի հետ խաղաղութան վեց կետանոց ծրագիր էր հրապարակել՝ կոչ անելով միջազգային համաժողով անցկացնել՝ նաև Մոսկվայի մասնակցությամբ։

Վլադիմիր Պուտինը, իր հերթին, խոսել էր պատերազմը կանգնեցնելու Մոսկվայի պայմանների մասին՝ Ուկրաինան պետք է սկսի զորքերի ամբողջական դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, ինչպես նաև պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից: Բացի այդ, Արևմուտքը, Պուտինի պայմանների համաձայն, պետք է չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Կիևը մերժել էր Կրեմլի առաջարկած այս բանաձևը:

Ու մինչ կողմերը շոշափում են բանակցությունների հնարավորությունը, Ռուսաստանն ինտենսիվացնում է հարձակումները մարտի դաշտում: Անցած գիշեր ռուսական բանակը կրկին թիրախավորել է ուկրաինական քաղաքները՝ Խարկովն ու Օդեսան, կան զոհեր և վիրավորներ։ Ըստ տեղից ստացվող տեղեկությունների՝ ուկրաինական բանակը վերջին շաբաթներին ճակատի մի քանի ուղղությամբ ստիպված է նահանջել, սակայն հրամանատարությունը իրավիճակը վերահսկելի է համարում:

Ավելին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Guardian-ին ասել է, թե ուկրաինական զորքերը խափանել են Խարկովի մարզում «սանիտարական գոտի» ստեղծելու ռուսական բանակի փորձը։

XS
SM
MD
LG