Մատչելիության հղումներ

Խուզարկություններ ընդդիմադիրների տներում, տասնյակ բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ


Ձերբակալվածներին բերում են Քննչական կոմիտե, 25-ը հունիսի, 2025թ.
Ձերբակալվածներին բերում են Քննչական կոմիտե, 25-ը հունիսի, 2025թ.

Առավոտից ընդդիմության անդամների ու կողմնակիցների տներում խուզարկություններից հետո բազմաթիվ բերման ենթարկվածներ կան, ձերբակալվածներ, ընդդիմադիրներին իրավապահները տեղափոխում են Քննչական կոմիտե հարցաքննության: Այստեղ են բերվում նաև նրանց բնակարաններից առգրավված իրերը;

Քննչական կոմիտեում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը, մյուս ընդդիմադիրները: Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ձերբակալվածները մեկ տասնյակից ավելի են: Հստակ թիվ այս պահին ընդդիմությունից չեն հայտնում: Քննչական կոմիտեից ևս որևէ մանրամասն չեն ներկայացնում:

«Սա ակնհայտ քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում, ակնհայտ է ամեն ինչ», - պնդեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ վստահություն հայտնելով, որ կալանքի միջնորդություններ լինելու են. - «Վստահ ենք, որ լինելու են, բազմաթիվ են քաղաքացիները, մենք չգիտենք՝ դատարանները որոնք են լինելու, կարծում ենք՝ մեկից ավել դատարաններ են լինելու»:

Քննչական կոմիտե տեղափոխվածների շարքերում են նաև ՀՅԴ անդամները: Քաղաքական ուժից հայտնում են, որ Քննչական են տեղափոխվել Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանը, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանն ու Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանը:

Ձերբակալվածների շարքում են նաև Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը, նախկին զինվորական, գնդապետ Միհրան Մախսուդյանը:

ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանն էլ է խուզարկություն իրականացվել, սակայն նա չի տեղափոխվել Քննչական կոմիտե:

Խուզարկությունից հետո Սարգսյանը մեկնաբանություն տվեց լրագրողներին. - «[Խուզարկության ընթացքում] Ոչինչ չի հայտնաբերվել: Ոչինչ չի հայտնաբերվել էն իրանց ինչ որ որ գրել էին, ինչ-որ հեղաշրջում էինք ուզում անեինք, ահաբեկչություն էինք ուզում անեինք: Տարել են երկու երեխաներից հեռախոսը, մի հատ պլանշետ՝ տղայիս պլանշետը և մի քանի փաստաթուղթ»;

Տեղեկություններ կան նաև Ազգային ժողովի նախկին ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի տան խուզարկության, Էջմիածնում ընդդիմադիրների տներում խուզարկությունների մասին:

Իրավապահներն ընդդիմությանը մեղադրում են ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ պլանավորելու համար:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ենթադրյալ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր:

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում [...] իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ»: Դրանց թվում են, ըստ Քննչականի, «հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»:

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ, հաղորդում է Քննչականը՝ հրապարակելով նաև լուսանկարներ և տեսանյութեր:

«Սրբազան պայքար» շարժումը, մինչդեռ, պնդում է, որ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված զենք-զինամթերքի լուսանկարները քարոզչական նպատակ են հետապնդում:

«Հայտնում ենք, որ մեզ հայտնի դարձավ այն մասին, որ ներկայացված նկարներում առկա զենքերն օրինական են։ Այդ մասին են խոսում նաև ՔԿ կողմից հրապարակած լուսանկարներում երևացող վկայականները», - վստահեցնում է շարժումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG