Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը: Խուզարկություն կիրականացվի նաև նախընտրական շտաբում: Կոմիտեն, սակայն, չի հայտնում, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվում գործողությունը:
Մարտուն Գրիգորյանն այս տարվա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակով է մասնակցում: Նախօրեին նա ԲՀԿ առաջնորդի հետ միասին Շիրակում քարոզարշավի էր մասնակցում:
Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրավապահները «հիմնականում ընտրությունների հետ կապված կրիչներ, փաստաթղթեր էին փնտրում», հարցին թե՝ գտա՞ն, Գրիգորյանը պատասխանեց՝ «իհարկե, ոչ»:
Երեկ Քննչական կոմիտեն հաղորդել էր ԲՀԿ ցուցակով առաջադրված մեկ այլ պատգամավորի թեկնածուի՝ Անդրանիկ Թևանյանի առնչությամբ պետական դավաճանության և լրտեսության առերևույթ դեպքի առթիվ հարուցված վարույթի մասին: Ըստ ՔԿ-ի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «հավաքագրված լինելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ»:
Թևանյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր է դրել 2023 թվականի օգոստոսին: Քննչականի հաղորդագրությունը չի մանրամասնում, թե ինչպես են նրան հասանելի դարձել 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: