«Փյունիկ»-«Արարատ Արմենիա» մարտի 1-ի հանդիպման ընթացքում բողոքի ակցիայի մասնակից 9 երկրպագուների նկատմամբ խուլիգանության հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել, «Ազատության»-ը հայտնում են քննչական կոմիտեից։
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Արդեն մի քանի ամիս Ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը պահանջող երկրպագուները շաբաթ օրը «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» հանդիպման 6-րդ րոպեին հերթական ակցիան սկսեցին՝ ճայթուկներ վառեցին ու մտան խաղադաշտ: Խաղը ժամանակավորապես հետաձգվեց, ֆուտբոլիստներին ուղարկեցին հանդերձարան: Պաշտոնական հեռարձակումը շարունակվեց չեզոք կադրով։ Քիչ անց սոցցանցերը հեղեղվեցին տեղից արված տեսանյութերով, որոնցում երևում էր, թե ինչպես են կարմիր բերետավորները ուժ գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ 9 երկրպագու է ձերբակալվել։
Տեղի ունեցածից մեկ օր առաջ երկրպագուները նմանատիպ ակցիա էին իրականացրել նաև «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ընթացքում: Ֆուտբոլի ֆեդերացիան այդ օրը հայտարարություն էր տարածել, թե այս անգամ զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց։
Շաբաթ օրվանից ձերբակալված երկրպագուները երեկ ազատ են արձակվել։