Խոսելու ձևերը կարող են տարբեր լինել, բայց այն, որ խնդիր կա և խնդիրներին պետք է անդրադառնալ, կարծում եմ՝ ավելի քան ակնհայտ է, լրագրողներին այսօր ասաց կրթության, մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով վարչապետի գրառումներին եկեղեցիների ու հոգևորականների վերաբերյալ:
«Եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար, որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է: Արժե, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում՝ օրինակ իմ նկատմամբ», -նշեց նախարարը:
Անդրեասյանը կարծում է՝ Հայաստանում հուշարձանների հանդեպ հոգատարության, այդ թվում՝ հանրային հոգատարության շատ լուրջ խնդիր կա. «Որովհետև եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պիտի մեր կողքին նայենք, քանի՞ անգամ եք տեսել ձեր կողքին մարդ, որը գտնվում է հուշարձանի տարածքում, և օրինակ, աղբ է գցում»:
Վարչապետն ու տիկինը մի քանի օր հոգևորականներին ուղղված վիրավորանքներ ու զգուշացումներ էին անում: Դրան արձագանքել են եկեղեցու մի շարք ներկայացուցիչներ՝ քննադատելու նման վարքագիծը: