Ձայների 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց օնլայն խաղային ոլորտի տուրքերից մեկը բարձրացնելու նախագիծը։
Կողմ էր իշխանական խմբակցությունը, ձեռնպահ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, դեմ էին «Քաղաքացիական պայմանագրից» դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:
Խաղային բիզնեսն այժմ վճարում է շահութահարկ և երկու տիպի տուրք: Տուրքերից մեկը գործունեության լիցենզիայի համար է՝ տարեկան անփոփոխ 600 միլիոն դրամ է, իսկ մյուս տուրքը հաստատուն գումար չէ, կապված է խաղադրույքների ծավալի հետ՝ որքան շատ են խաղադրույքները, այնքան մեծ է ստացվում նաև տուրքը:
Ներկայումս գործող կարգավորման համաձայն՝ ընկերությունները սպորտային օնլայն տոտալիազատորների դեպքում յուրաքանչյուր 50 միլիարդ դրամ խաղադրույք ներգրավելու համար պետք է վճարեն 50 միլիոն դրամ, իսկ օնլայն կազինոները յուրաքանչյուր 100 միլիարդ դրա խաղադրույք ստանալու համար պետք է վճարեն 175 միլիոն դրամի տուրք:
Այսօր ընդունված օրինագիծը նախատեսում է շարունակաբար բարձրացնել այդ տուրքը, քանի դեռ չի սկսել գործել խաղային օպերատորը, որը հասանելություն պետք է ունենա ու «տեսնի» խաղային ընկերություններում ֆինանսական շարժերը, այսինքն, թե որքան խաղաղրույք է կատարվել և որքան են եղել շահումները, որքան է ընկերությունների հասույթն ու շահույթը: Այժմ Պետեկամուտների կոմիտեն հիմնվում է ընկերությունների ներկայացրած տվյալների վրա և հարկերը հաշվարկում է հենց այդ թվերից:
Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող օրինագծով առաջարկվում է նախ՝ 2025 թվականի համար կրկնապատկել խաղադրույքների ծավալի հետ կապված տուրքը. այսինքն՝ ամեն 50 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար օնլայն տոտալիզատորները պետք է վճարեն 100 միլիոն դրամ 50-ի փոխարեն, իսկ օնլայն կազինոները 100 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար ապրիլի 1-ից 350 միլիոն դրամ պետք է վճարեն 175 միլիոնի փոխարեն: Հաջորդող տարիներին՝ մինչև 2028 թվականը օրինագծով տուրքը կեռապատկվի, կքառապատկվի և կհնգապակտվի, եթե մինչ այդ խաղային օրերատորը չսկսի իր աշխատանքը: Երբ խաղային օպերատորը, որ հասանելություն կունենա խաղային ընկերությունների ֆինանսական շարժերի մասին տեղեկատվությանը, սկսի աշխատել, տուրքը կպահպանվի այդ տարվա ցուցանիշի վրա: