Մատչելիության հղումներ

Խնամքի հաստատություններում ուսումնասիրություններ անող խմբի անդամները իրենց գործունեության դադարեցումը «պատիժ» են համարում


Խնամքի հաստատություններում ուսումնասիրություններ անող դիտորդական խումբն այլևս չի կարող մտնել այդ կենտրոններ, Սոցապ նախարարությունը դադարեցրել է խմբի գործունեությունը:

Մինչ քաղհասարակության ներկայացուցիչները սա իրենց նկատմամբ «պատիժչ» են համարում, սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն օրերս պնդել էր, թե դիտորդական խումբը գործելու իրավական հիմք չունի՝ տեխնիկական պատճառներով. - «Լիազորող նորմի խնդիր կա, սկսած իրենց աշխատանքը՝ մանկատներ այցելելուն, դիտորդական իրենց առաքելությունը, գործիքակազմը և այլն»:

Դիտորդական խմբի անդամ յոթ հասարակական կազմակերպությունները մինչդեռ կարծում են, որ երեխաների «Զատիկ» աջակցության կենտրոնի վերաբերյալ իրենց անցած տարվա աղմկահարույց զեկույցներն են պատճառը, երբ խումբը խոսել էր ինքնասպանության մտքեր ունեցող անչափահաս հղիի մասին, մյուս երեխաների մարմնին նկատած կապտուկների և ենթադրյալ ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների մասին: Դրանք նաև տեղ էին գտել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններում։

«Զատիկ» աջակցության կենտրոն
«Զատիկ» աջակցության կենտրոն

Այս զեկույցները, սակայն, քրեական գործերի առիթ չդարձան. - «Պատճառաբանությունները այնպիսին էին, որ օրինակ՝ մենք անուններ չենք նշել զեկույցում ու հնարավոր չէր նույնականացնել, իսկ մենք կարո՞ղ էինք անուն գրել, իհարկե, չէինք կարող անուն գրել հատկապես երեխաների դեպքում: Մեզ որևէ մեկը չի ասել՝ կօգնե՞ք մեզ նույնականացնել, թե որ երեխան է, օրինակ, սեռական բռնության ենթարկվել»:

Անկախ դիտորդական խմբի 9 անդամները 3 տարով են ընտրվում, այս ժամկետի ավարտից հետո նոր անդամներ պետք է ներգրավվեն։ Խմբի ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ սա խնդրահարույց պահանջ է, Հայաստանում շատ չեն նեղ ոլորտային այդպիսի մասնագետները, որ 3 տարին մեկ փոխարինեն դուրս եկողներին: Այս ու անհանգստացնող մի շարք այլ հարցերով խումբը դիմել էր Սոցապ նախարարություն, որ գործող հրամանում փոփոխություններ արվեն: Դրական պատասխանի էին սպասում, բայց փոխարենը խմբի գործունեությունն առհասարակ դադարեցնելու ծանուցում ստացան։

Սոցապ նախարարությունից պնդում են՝ փորձել են ընդառաջել դիտորդական խմբի առաջարկներին, խորհրդակցել Արդարադատության նախարարության հետ ու հենց այնտեղից են ասել, որ 2018-ին խմբի ստեղծման մասին նախարարի հրամանը տեխնիկապես սխալ է, դա եղել է անհատական և ոչ նորմատիվային բնույթի, ու հենց այդ պատճառով դիտորդները չեն կարող աշխատել։

Նախարար Մկրտչյանը խորհրդարանում պատասխանելով սոցապ նախկին փոխնախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, ասել էր՝ օրենքում լիազորող նորմ կավելացվի, հետո կընդունվի Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի ստեղծման նոր հրաման ու խումբը կրկին կգործի:

Խնամքի կենտրոնները դիտարկող խումբն, ի դեպ, հենց Բաթոյանի նախաձեռնությամբ էր ստեղծվել, երբ նա սոցապ փոխնախարար էր։

Խնամքի կենտրոններում դիտորդություն իրականացնող խմբի անդամ 7 ՀԿ-ները մինչդեռ շարունակում են պնդել, որ նախարարությունը փորձում է կոծկել խնամքի կենտրոններում մարդու իրավունքների խախտման դեպքերը: Խմբի անդամ Մուշեղ Հովսեփյանն «Ազատությանն» ասաց՝ իրենց զեկույցը տող առ տող հերքող նախարարությունը կարող էր դատի տալ իրենց, եթե համարում էին, որ իրենց բարձրաձայնած ենթադրյալ բռնության դեպքերն իրականության հետ կապ չունեին։

«Մենք չպիտի հայտնվեինք մի դիրքում, որ մենք հայտարարություններ անեինք, ասեինք՝ այս խնդիրը կա, իսկ նախարարությունն ուղղակի պաշտպանվեր, այդպես չի աշխատում մշտադիտարկումը, մենք չենք ասում՝ մենք չենք լինի, խումբը չի լինի, մենք ասում ենք՝ խումբը կարող է լինել ու խումբը պետք է լինի ու անդամները պետք է ընտրվեն բաց, թափանցիկ գործընթացի միջոցով», - ասաց Հովսեփյանը:

Դիտորդական խմբի անդամները համարում են, որ իրավական - տեխնիկական խնդիրների պատճառաբանությունն ընդամենը պատրվակ է իրենց փակելու համար։ Նկատում են՝ փաստացի վեց տարվա ընթացքում սա չի խանգարել, որ խումբը գործի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG