Մատչելիության հղումներ

Խնամի դառնալու առաջարկից մինչև կաթողիկոս ու Արցախ. ՔՊ-ի քարոզչական այցը Արագածոտնի ու Շիրակի մարզեր

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական վիքենդն այս անգամ Արագածոտնի ու Շիրակի մարզերում էր։ Այս երթուղու մենյուն՝ Աշտարակի պոպոքն ու սուջուխը։

Իշխանականներն այս անգամ քարոզի են գնում Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ՝ քարտեզը կրծքներին, և նաև այդ կրծքանշանների մեծ պահուստով, որ Փաշինյանը խնամքով ամրացնում էր 1-91 տարեկանների հագուստին։ Խանութներում դեռ չգնված վերարկուների ու բաճկոնների վրա։ Բնակարանների վարագույրներին։

Ամեն ինչ ջերմ ու սահուն էր մինչև Մարալիկ հասնելը։ Մի կին Փաշինյանին Կարպիի խնամի դառնալու առաջարկ արեց. «Դուք երեք աղջիկ ունեք, մեկին չե՞ք տա մեզ հարս»: «Ես չէ, որովհետև աղջիկների որոշումը ես չեմ կարա կայացնեմ», - պատասխանեց վարչապետը:

Այս կինը երեք որդի ունի, չամուսնացած, հասկացրեց, որ չեն ամուսնանում, որովհետև տուն չունեն, ակնկալում է բնակարանային պետական ծրագիր ամուսնանալ ցանկացող երիտասարդների համար։ Նրան Փաշինյանն ու սոցիալական նախարարը բացատրեցին՝ ծրագրեր կլինեն, եթե ամուսնանան տղաները։

Միրգ-բանջարեղենի խանութից ծանր գնումներով դուրս գալ պատրաստվող արցախցի կնոջ տոպրակները Փաշինյանը վերցրեց որպես նախատոնական նվեր. «Վաղը մարտի 8-ն է, ի՞նչ կլինի, այսպես շնորհավորենք»:

Կնոջ բեռը սակայն չթեթևացավ, ճամփին պատմեց՝ արցախցիների քաղաքացիություն ստանալը բարդ է։ Մոր ծննդականն են ուզում, որ Բաքվի արխիվում է։ Բնակարանային ծրագրից օգտվել չեն կարողանում։ Արցախցու խնդիրներից լուծվեց միայն տոպրակների հարցը։ Վարչապետն այն հասցրեց նրանց վարձով տուն՝ երրորդ մուտքի երկրորդ հարկի բնակարան։

Ծանր տոպրակներով քայլող առաջնորդին ՔՊ-ականներից միայն Արագածոտնի մարզպետը կեսբերան առաջարկեց օգնել, մյուսները, ենթադրաբար, չցանկացան խափանել տպավորիչ այս գործողությունը։

Քարոզչական ուղին շարունակվում էր գոտեպնդիչ խոսքերով, մեծ մասը գոհ են Փաշինյանից էլ, մարզպետից էլ, համայնքապետից էլ։

Հընթացս հնչում էին անձնական խնդիրներ, մեկի հողը վարչական ղեկավարը ծախել է, մյուսը կիսակառույցում է ապրում, տուն չունի, մյուսը՝ գործ չունի։ Այս խնդիրների մասին վարչապետը համբերատարությամբ լսում էր, կանչում թիմակիցներին։

Մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ինչո՞ւ հունից դուրս եկավ ու դեռ երկար ժամանակ վիրավորված էր վարչապետը Ձորակապի միջադեպից հետո. «Գյուղով խնդրում ենք, մի հատ մանկապարտեզ»:

Մանկապարտեզ չկա, որ տանեն իրենց թոռներին, նորը կառուցվում է Մարալիկում, ըստ գյուղացիների, հեռու է, մարզադահլիճ էլ չունեն։

«Մեր էշ խելքը, որ բերել ենք դրել, որ գանք, ասենք... ասում եք՝ մանկապարտեզ չկա, առավոտից իրիկուն բամբասանք է, գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ, Փարիզում տուն ունեմ, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք էդ ամեն ինչը գիտեք, բայց չգիտե՞ք, որ ձեր բակում ծրագիր ա արված, մրցույթ ա արված, շինարարություն կա, չգիտե՞ք, որ մանկապարտեզ ա սարքվում, էդ ո՞նց ա, որ չգիտեք, էդ ո՞նց ա, որ գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ»։

Փաշինյանը թողեց, հեռացավ, բայց հետո վիրավորանքն էլի թարմացավ։ Ճամփան իր իշխանության օրոք է սարքվել, ասում են՝ նախկիններն են սարքել. «Չէ, շատ կոնկրետ նեղանում եմ, այս ճամփեն վերջին անգամ ե՞րբ է ասֆալտ արվել»:

«Սա անկեղծությամբ վերջը Ձեր օրոք չի եղել», - պատասխանեց բնակիչներից մեկը։

Մարդիկ փորձեցին մեղմել վարչապետի զայրույթը. «Մենք բոլորս ձեր կողմնակիցն ենք, ճամփան էլ Ձեր օրորք է կառուցվել»:

Հանդիպած բոլոր քաղաքացիներին նույն հարցն էր տալիս հանգստացնող պատասխանը նորից լսելու համար։

Մանկապարտեզի թեման մտքից դուրս չէր գալիս, որտեղ է նորը կառուցվում, քաղաքի մյուս կողմում, բացատրեց համայնքապետը։ «Իսկ տրանսպորտ կա՞», «չկա՞», - պատասխանեց համայնքապետը։ Ավելի ուշ ՔՊ-ական ավտոբուսի ուղևորներից Սասուն Միքայելյանը վարչապետի ականջին կարծես թե հիմնավորում էր, թե ինչո՞ւ բողոքեցին ձորակապցիները։

ՔՊ-ական թիմին ոգևորողների պակաս չկար։

Արթիկում հովվերգությունն ընդհատվեց, կարճ ժամանակով մի տղամարդ Արցախի մասին հարցրեց։

«Խորհրդային Միության ժամանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մարզ», - նշեց վարչապետը։

Հետո արթիկցին հիշեցրեց Հայաստանն ունի վարչապետ, նախագահ և կաթողիկոս ու զայրացրեց Փաշինյանին. «Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարա լինի։ Կաթողիկոս չկա, Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ»:

Քարոզչական ավտոբուսի ուղևորները, ՔՊ-ական վերնախավը օրն ամփոփեց Գյումրիում։ Արտաքին գործերի նախարարը, որ օրը պարով էր սկսել, արձանագրեց՝ մարդկանց այլևս անվտանգային հարցեր չեն հուզում. «Մոտեցել են, ասել են՝ ուղղակի շնորհակալություն ենք հայտնում ձեր իրականացրած աշխատանքի և արտաքին քաղաքականության համար։ Սրանից մեծ գնահատա՞նք, պարոն վարչապետ:

Խաղաղությունը վայելելուն ուղղված հարցեր են տալիս, հաստատում է Փաշինյանը։ Դասական քարոզարշավ հիշեցնող այս ուղևորությունները ՔՊ-ն անվանում է ներկուսակցական քարոզարշավ։

«Վարչաբենդի» թմբկահար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի երաժշտախմբերից մեկին հրավիրեց շուրջ մեկ ամսից սպասվող դիսկոտեկին։



XS
SM
MD
LG