Մատչելիության հղումներ

Խելագարության կանխավարկածի խնդիր կա, պատրաստվում ենք պայքարել. ՀԷՑ-ի տնօրեն


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է, ոչ իշխանությունների, ոչ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն:

«Այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևէ որևէ ձևով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն «այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի» զարգացումների», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ղազինյանը:

Նա նշեց, որ իշխանությունները այս ընթացքում ևս, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն փորձել գալ ՀԷՑ, քննարկեն խնդիրները, եթե դրանք կան:

«Իմ անձնական կարծիքով՝ նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այստեղ պետականացնելու խնդիրն ընդհանրապես… խելագարության կանխավարկածի խնդիր կա:

<> Չնայած, որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ ներպետական հնարավորությունները սահմանափակ են մեզ համար, արդեն միջազգային կազմակերպությունների մեր գործընկերների հետ միասին», - ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարեց, երբ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցուն առաջակցելուց խոսեց՝ շեշտելով, որ եկեղեցու նկատմամբ հարձակումները կանխելու գործում հնարավոր է «ինքն էլ իր ձևերով մասնակցի»։ Հենց այս հայտարարությունից հետո Կարապետյանը հայտնվեց կալանքի տակ, իսկ իշխող ուժը հաշված օրերի ընթացքում շրջանառության մեջ դրեց մի օրենսդրական նախաձեռնություն, որով մտադիր են վերցնել բաշխիչ ցանցերի կառավարումը, հետո նաև այն պետականացնելու են:

XS
SM
MD
LG