«Ընդունո՞ւմ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ»: - «Ոչ, չեմ ընդունում». - դատարանում մեկը մյուսի հետևից մեղքը չընդունողները վարչապետի հրաժարականը պահանջող 16 մեղադրյալներն են։ 15-ը՝ խուլիգանության, մեկը՝ զանգվածային անկարգության համար են մեղադրվում։
«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման ակցիաների այս մասնակիցները, ըստ դատախազի, այդ արարքները կատարել են հունիսի 12-ին՝ Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի հատվածում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավիրած հավաքի ժամանակ։
Ըստ իրավապահների, հավաքի ընթացքը փոխվել էր, երբ ցուցարարները տարբեր իրեր էին նետել, հետո էլ ոստիկանությունը կիրառել էր լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժել էր մոտ 100 քաղաքացի։
Այս քրեական գործով տուժողները 17 ոստիկաններ են, որոնք այսօր դատարան չէին եկել։
«Իրանց պիտի դատեն, ոչ թե ինձ, որովհետև իրանք են քցել սկզբից ինձ ոտների տակ», - հայտարարեց մեղադրյալներից Տիգրան Սարիբեկյանը:
Սաիրբեկյանի ականջն էր վնասվել նռնակից։ Նռնակը ոտքի տակ հայտնվելուց հետո կռացել էր, զայրացած ինչ-որ իր էր նետել անհայտ ուղղությամբ։ Ըստ փաստաբանի՝ որևէ ոստիկանի այն չի վնասել։ Մինչ իրավապահները պնդում են, որ քար է նետել, Սարիբեկյանն ու փաստաբան Ռուբեն Մելիքյանը հակադարձում են՝ փայտի կտոր էր:
«Պայթյուն է տեղի ունենում, ականջը բռնում է ցավից, այսինքն՝ ոստիկանությունը ապօրինի ուժ է կիրառում, նռնակ է կիրառում, որը հետո դարձրեցին թույլատրելի՝ որոշմամբ, ականջը բռնում է դրանից, ցավ է զգում, էդ ցավի մեջ մի հատ գետնից ինչ-որ մի բան է վերցնում, որը որ ո՞վ է ասում, որ քար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Փաստաբանը պնդում է՝ այս գործով չկա որևէ տուժող ոստիկան, որի վերաբերյալ իրավապահները եզրակացրած լինեն՝ տուժել է կոնկրետ մեղադրյալի նետած առարկայից։ Սա քաղաքական հետապնդում է, դատարանում հայտարարեցին պաշտպանները։
«Որևէ մի մեղադրյալի մեղադրանք չի առաջադրվել, որ իր գործողություններով կոնկրետ մի ոստիկան վնասվածք է ստացել: Ինչո՞ւ՝ որովհետև էդպես չի եղել», - ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:
Եթե հունիսի 12-ի բախումների գործով դատավարությունն առաջ է ընթանում, ապա այդ օրը ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի ու հատուկ միջոցների կիրառման գործը Քննչականի դարակներում է՝ նախաքննության փուլում։ Իրավապահները դեռ ստուգում են՝ արդյոք ոստիկանները համաչափ ուժ են կիրառել և արդյոք կրակել են այդ ժամանակ դեռ արգելված «Զարյա 3» տեսակի նռնակներով։ Այս մասին ամիսներ է ահազանգում են իրավապաշտպանները, իսկ ոստիկանությունը մինչ օրս չի հերքել, որ «Զարյա 3» է կիրառել։ Այս գործով չկա որևէ ոստիկան մեղադրյալ։
«Ամենևին զարմանալի չէ, շատ բնականոն է էսպես, որովհետև քանի որ քաղաքական է հետապնդումը, քաղաքական հետապնդման պայմաններում հակառակը դժվար էր ակնկալել», - նշեց Ռուբեն Մելիքյանը:
Այսօրվա դատական նիստին մեղադրանքները ներկայացնող դատախազները շեշտում էին՝ այս մեղադրյալները խափանել են հանրային միջոցառումը՝ նկատի ունենալով հենց այդ հանրահավաքը։ Սա էր պատճառը, որ փաստաբանները դատարանին խնդրեցին տուժող ճանաչել նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. եթե հավաքը խափանվել է, ապա շարժումը տուժել է։ Դատավորը, սակայն, առանց պատճառաբանության մերժեց այս պահանջը։