Մատչելիության հղումներ

Խամենեին հերքել է Թրամփի պնդումները, թե ԱՄՆ-ի հարվածներից ոչնչացվել են Իրանի միջուկային օբյեկտները


Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե ԱՄՆ-ի հարվածների արդյունքում ոչնչացվել են Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտները։

Թեհրանի միջուկային կառույցների վերաբերյալ Թրամփի հայտարարություններին անդրադառնալով՝ Խամենեին մասնավորապես կոչ է արել «շարունակել երազել»՝ կասկածի տակ դնելով Սպիտակ տան ղեկավարի իրավունքը՝ «թելադրելու, թե ինչ պետք է ունենա կամ չպիտի ունենա երկիրը, եթե ունի միջուկային արդյունաբերություն»։

ԱՄն նախագահը անցած շաբաթ Իսրայելի Քնեսեթում ելույթ ունենալով կրկին հայտարարել է, թե անցած հունիսին ամերիկյան հարվածները «ոչնչացրել են» իրանական միջուկային օբյեկտները։

«Այսպիսով, մենք 14 ռումբ ենք նետել Իրանի միջուկային առանցքային օբյեկտների վրա։ Ամբողջությամբ, ինչպես ասել էի ի սկզբանե, ոչնչացրել ենք դրանք, և դա հաստատված է», - ասել է Դոնալդ Թրամփը։

Երեկ էլ Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, թե Իրանը «դադարել է լինել Մերձավոր Արևելքի բռնակալը» ԱՄՆ-ի հարվածներից հետո, որոնք «ոչնչացրել են նրանց միջուկային կարողությունները»։

Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ Իրանի գերագույն առաջնորդը Թրամփի խոսքերը որակել է «անպատշաճ, սխալ և ահաբեկող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG