«Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին «զբաղվել սեփական երկրի խնդիրներով»։
Դեկտեմբերի 29-ին երկրի տարբեր շրջաններում բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր հրապարակված առաջին ուղերձում Խամենեին նաև դատապարտել է ցուցարարների բռնի գործողությունները՝ դրանք «վանդալիզիմի ցայտուն օրինակներ» բնութագրելով։
«Անցած գիշեր մի խումբ ջարդարարներ ավերեցին պետությանը, ժողովրդին պատկանող շենքերից մեկը՝ բացառապես ԱՄՆ նախագահին գոհացնելու նպատակով», - հայտարարել է նա։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խոսքով՝ նման գործողությունների հեղինակները «օտարերկրյա վարձկաններին բնորոշ պահվածք են ցուցաբերում»։ Այսօրվա ուղերձում Խամենեին նաև կոչ է արել «պահպանել միասնականությունը»։
Իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների տվյալներով՝ դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերի ընթացքում 34-45 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ և իրավապահներ: Ձերբակալվել է ավելի քան 2270 ցուցարար։