Խաղաղության վաղաժամ տոնակատարություն. այսպես է որակում ցեղասպանության կանխարգելման Լեմկինի հեղինակավոր ինստիտուտը Վաշինգտոնում նախագահ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հայ - ադրբեջանական պայմանավորվածությունները:
Նման թերահավատության պատճառն, ըստ հեղինակավոր ինստիտուտի, այն է, որ Ադրբեջանի գործած զանգվածային վայրագություններն ու հետևողական ռազմատենչությունն անպատիժ են մնում: Իսկ Ադրբեջանի հետ ցանկացած գործարք, որը չի լուծում Բաքվի «ցեղասպանական սպառնալիքները», ի վերջո կհանգեցնի դրանց իրականացմանը, և վատթարագույն սցենարի դեպքում կսպառնա Հայաստանի գոյությանը որպես ինքնիշխան պետություն, կարծում են ԱՄՆ-ում գործող ինստիտուտում.
«Իրականում Վաշինգտոնում հայտարարված գործարքը կարող է հեշտությամբ հանգեցնել պատերազմի և նոր ավերածությունների և կարող է հիմք դնել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ հետագա ցեղասպան գործողությունների համար: Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու կոնկրետ մեխանիզմները պետք է ներառվեն համաձայնագրի տեքստում և դրսևորվեն իրական կյանքում, նախքան այս խաղաղության համաձայնագիրը կարողանա իրականում երաշխավորել խաղաղությունը»:
Հայաստանի իշխանությունները, հակառակ Վաշինգտոնում տեղակայված այս կազմակերպության վատատեսական կանխատեսումների, պարբերաբար վստահեցնում են՝ Հայաստանն առավել ինքնիշխան է, քան երբևէ, իսկ վաշինգտոնյան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, սահմանների անխախտելիության և փոխադարձության սկզբունքների հարգմամբ:
Իր վերջին ուղերձում վարչապետ Փաշինյանը պնդում էր՝ խաղաղությունն այլևս հաստատված փաստ է. - «Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա: Այդ իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելո համար»:
Ու մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, թե Վաշինգտոնի պայմանավորվածությունների արդյունքերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է հաստատվել, Լեմկինի ինստիտուտը, մանրամասն վերլուծելով Վաշինգտոնում նախաստորագրված հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, թվարկում է այն խնդիրները, որոնք չեն լուծվել այս փաստաթղթով, վտանգներ են պարունակում, չկան պայմանավորվածությունների իրականացման հստակ մեխանիզմներ ու փակում են Բաքվին պատասխանատվության կանչելու ճանապարհները.
«Պայմանագիրը չի անդրադառնում Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի բռնապետության շարունակական ցեղասպանական բնույթին, Ադրբեջանի կողմից հայկական տարածքների շարունակական օկուպացիային, հայկական մշակութային ժառանգության ճակատագրին, Արցախի կարգավիճակին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքներին, հայ ռազմագերիների և ադրբեջանական բանտերում գտնվող Արցախի նախկին քաղաքական ղեկավարության ճակատագրին կամ անցյալում մարդու իրավունքների խախտումները լուծելու մեխանիզմներին»։
Առանձին մի հատված նվիրված է միմյանց դեմ միջազգային հայցերի հետկանչին: Պայմանագրի 15-րդ կետով՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է մինչև ստորագրման պահը առկա խնդիրներին վերաբերող բոլոր միջպետական հայցերի, գանգատների, բողոքների, առարկությունների, վարույթների և վեճերի հետկանչ, նշվում է, որ ապագայում էլ այդ ժամանակահատվածը իրավական վեճերի առարկա չի դառնա, եթե անգամ մի երրորդ կողմ նախաձեռնի: Սա, Լեմկինի ինսիտուտի գնահատմամբ, ուղղակիորեն խաթարում է անցյալում մարդու իրավունքներ խախտումները հասցեագրելու ջանքերը.
«Այս հարցերը կարևոր են տարածաշրջանում խաղաղության համար: Դրանք ներկայումս այն միակ իրավական մեխանիզմն են, որ կարող է որոշակի արդարություն և պատասխանատվություն բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տասնամյակների պատերազմի և լարվածության պայմաններում: Հայաստանը՝ որպես ադրբեջանական ագրեսիայի և ատելության զոհ, շատ ավելի ամուր իրավական դիրքում է: Ահա թե ինչու Ադրբեջանը այդքան ձգտում էր ապահովել, որ գործերը կարճվեն այս «խաղաղության» համաձայնագրի շրջանակներում։ Եթե Հայաստանը հետ վերցնի իր գործերը Ադրբեջանի հետ միասին, դա նաև կնշանակի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և 2023 թվականին իրենց նախնիների հայրենիքից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար արցախահայերի համար արդարություն գտնելու ջանքերի ավարտ»:
Նույնը վերաբերում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա պաշտոնապես լուծարվեց երեկ: Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղված միջազգային այս միակ ձևաչափի լուծարումը խաղաղության պայմանագիրը ստորագրելու՝ Բաքվի նախապայմաններից էր ու փաստացի իրականություն դարձավ նախքան փաստաթղթի ստորագրումը: Լեմկինի ինստիտուտում կարծում են՝ խումբը լուծարելով Ադրբեջանը վերացրել է արցախահայերի իրավունքները ճանաչող միակ դիվանագիտական մեխանիզմը։
Վաշինգտոնում գործող ինստիտուտն ընդգծում է՝ թեև ԱՄՆ-ը իր միջնորդությամբ պատասխանատվություն է ստանձնել պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը ադրբեջանական ագրեսիայից, այդուհանդերձ, հստակ չէ՝ արդյոք Թրամփի վարչակազմում լիովին հասկանում և լուրջ են գնահատում Ադրբեջանից եկող սպառնալիքները: