Խաղաղության ինստիտուցիոնալացման գործում մեծ կարևորություն ունի տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինար»-ի շրջանակներում:
Հիշեցնելով, որ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվելու է «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», Գրիգորյանն ասել է, որ նմանատիպ ծրագրերի իրականացումն անխուսափելիորեն կնպաստի տարածաշրջանային փոխկախվածության ձևավորմանը, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն կունենա խաղաղության պահպանման հարցում:
«Ձեռք բերված խաղաղությունը հանդիսանում է երկկողմ և բազմակողմ երկխոսությունների նշանակալի օրինակ, որոնց առաջմղմամբ ակտիվորեն զբաղվում է այս հարթակը», - նշել է ԱԽ քարտուղարը:
Նա հավելել է, որ Հայաստանը ոչ միայն ամրապնդելու է իր պետականության հատկանիշները, այլ նաև ընդլայնելու է համագործակցությունը գործընկերների հետ, միաժամանակ ընդգծել, որ Երևանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով գործընկերությունը:
«Մենք ցանկանում ենք «ՆԱՏՕ-ի անհատական հարմարեցված գործընկերության ծրագիր»-ը (ITPP) հնարավորինս արագ վերջնականացնել և անցնել իրագործմանը՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններին նոր թափ տալու նպատակով», - ասել է ԱԽ քարտուղարը: