Մատչելիության հղումներ

Խաղաղության համար կարևոր հարցերից է նաև հումանիտար խնդիրների լուծումը. Ալեն Սիմոնյան


Ավարտվեց Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների խոսնակների ու փոխխոսնակների մասնակցությամբ համաժողովը:

Հայաստանում են յոթ երկրների խորհրդարանների բարձրագույն ներկայացուցիչներ՝ Լատվայի, Լիտվայի, Էստոնիայի, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի: Նրանք հայտարարեցին, որ աջակցում են Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին ու նաև Հայաստանի ձգտումներին՝ ավելի մոտ լինել Եվրամիությանը:

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ խաղաղության համար կարևոր հարցերից է նաև հումանիտար խնդիրների լուծումը:

«Որոնցից առաջինն է հայ գերիների հրատապ ու անվտանգ վերադարձը: Խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ, քննարկվող հարցերի մեծ մասը համաձայնեցվել է, մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլև հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի», - նշեց Հայաստանի ԱԺ խոսնակը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ այսպիսի ֆորմատով այսքան շատ երկրների խոսնակներ ու փոխխոսնակների ներկայությունը Հայաստանում աննախադեպ է և փաստացի այս ներկայությունն ինքնին կարելի է ուղերձ համարել:

«Մեսիջը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար ուղին բռնելով նաև ունի մեծ աջակցություն ժողովրդավար երկրների ընտանիքի կողմից: Սա նաև մեր անվտանգային առումով մեզ ևս մի աստիճան է ավելացնում», - ասաց Սիմոնյանը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում փոքր-ինչ պատմեց խաղաղության գործընթացից: Ներկայացրեց, թե ինչ է կատարվում, նշեց, որ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն արդեն համաձայնեցված են:

«Մի կողմից կարող ենք ասել, որ գործի մեծ մասն արված է, մեզ մնում է 2 հոդված համաձայնեցնել, մյուս կողմից, իհարկե, էս հոդվածների համաձայնեցումը կարող է դեռ տևական ժամանակ տևել և լուծումը մեկն է՝ անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորում երկու երկրների կողմից, մեր կողմից այդ քաղաքական կամքը կա: Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ նույն կառուցողական մոտեցումն ու պատրաստակամությունը տեսնում ենք մեր հարևաններից», - նշեց Միրզոյանը:

Այնուամենայնիվ, Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է մնալու խաղաղության օրակարգին. - «Նույնիսկ բարդությունները, որոնց բախվում ենք բանակցությունների ընթացքում, նույնիսկ կառուցողականությունը, որ մեզ հաճախ թվում է, թե չեն կիսում մեր հարևանները, չեն կարող, իհարկե, մեզ հիասթափեցնել, ինչպես և ժողովրդավարությունն ու ազատությունը, այնպես էլ խաղաղությունը պարզապես այլընտրանք չունեն»:

«Ազատության» հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Եվրամիության երկրները ճնշում գործադրեն Ադրբեջանի նախագահի վրա, որպեսզի վերջինս բաց թողնի պահվող հայ ռազմագերիներին կամ այդ երկրները պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը պատասխանեց. - «Հետաքրքիր առաջարկություն է, ես տեղյակ չեմ, որ մակարդակի վրա են քննարկվել, ինչ դիրքորոշումներ կան տարբեր երկրների կողմից ԵՄ-ում: Ես այդ հարցն ինձ հետ կտանեմ ու իմ քաղաքական գործիչներին կներկայացնեմ»:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը նշեց Ուկրաինայի օրինակը՝ հայտարարելով, որ կարևոր է, որպեսզի Ուկրաինան պատերազմում հաղթի, որ չհաղթի սկզբունքը, թե մի պետությունը կարող է անպատիժ հարձակվել ու խլել մյուս պետության տարածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG