Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հայտնել է. «Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին, հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության:
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեկ հայտարարել է՝ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվելուն պես, Թուրքիան նույնպես արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է Ֆիդանը: